հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱԺ ընդդիմադիր կուսակցություններն առաջարկում են վերացնել ռազմական դրությունը

ԱԺ ընդդիմադիր կուսակցություններն առաջարկում են վերացնել ռազմական դրությունը

Ինչպես արդեն հայտնի է այսօր՝ նոյեմբերի 26-ին, տեղի է ունենում Ազգային ժողովի հերթական նիստ, որում ԲՀԿ և ԼՀԿ կուսակցություններն առաջարկում են վերացնել ռազմական դրությունը։ 

ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ներկայացրեց հարցը.

«Հարգելի պատգամավորներ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմը սկսեց ագրեսիա Արցախի դեմ և այս իրավիճակում ՀՀ կառավարությունը հայտարարեց ռազմական դրություն: Հիմք ընդունելով այն, որ ադրբեջանի Հանրապետությունը զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում, առկա ՀՀ-ի վրա զինված հարձակման և ՀՀ-ի տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է ՀՀ-ի ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը: Եվ այդ հանգամանքների վերացումն անհնար է առանց արտակարգ միջոցառումների ձեռնարկման»,- ներկայացրեց պատգամավորը:

Նա ասաց, որ նոյեմբերի 9-ին կնքված փաստաթղթով ավարտվեցին ռազմական գործողությունները: Ռազմական դրության մասին իրավական ռեժիմի հոդվածի 17 կետով ասվում է.

«Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամն կամ մասնակի դադարեցվել, դա կարող է անել կառավարությունը, կարող է անել ԱԺ-ն»:

Նա նշեց, որ ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը փոփոխվել է, բայց բոլոր սահմանափակումները դեռ շարունակում են մնալ: Պատգամավորը շեշտեց, որ այդ սահմանափակումները վերաբերում են ժողովրդավարության հիմքերին՝ խոսքի ազատությանը, մարդու ազատ տեղաշարժման իրավունքին, հավաքների և գործադուլների ազատությանը:

Գորգիսյանի կարծիքով՝ որոշ սահմանափակումներ տնտեսական տեսանկյունից ևս բացասական հետևանքներ են ունենում: «Բազմաթիվ անձինք, որոնք երկքաղաքացիություն ունեն, այսօր չեն կարողանում դուրս գալ ՀՀ-ից, որ կարողանան իրականացնել իրենց տնտեսական գործունեությունը, մեկնել արտագնա աշխատանքի և գումարներ ուղարկել Հայաստան: Այն քաղաքացիները, որոնք զորակոչվել են և դեռևս գտնվում են տարբեր զորամասերում, մշտական տեղակայման վայրերում, որևէ մարտական խնդիր չեն կատարում հիմա: Եվ շատ քաղաքացիներ, որոնք իրենց աշխատավայրը, տնտեսական գործունեությունը թողել և գնացել են, գտնվում են այդ իրավիճակում, չեն կարողանում զբաղվել իրենց տնտեսական գործունեությամբ»,- նշեց նա ու կարծիք հայտնեց, որ գործում են սահմանափակումներ, որոնց անհրաժեշտությունը չկա, և դա ունենում է տնտեսական հետևանքներ:

  • Կիսվել: