հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԺ քաղաքական մեծամասնությունն ըստ էության վավերացնում է «Շուշիի հռչակագիրը»․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ քաղաքական մեծամասնությունն ըստ էության վավերացնում է «Շուշիի հռչակագիրը»․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «ՔՊ» խմբակցության գործողություններին։

«Արդեն երկրորդ անգամ երկրորդ կարևոր հարցի հետ կապված քաղաքական մեծամասնությունը ձախողեց Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Եթե հիշում եք, առաջին նախաձեռնությունը սահմանազատման և սահմանագծման առիթով էր։ Եվ քաղաքական մեծամասնությունը պատճառաբանեց, որ հայտարարության մեջ կան ներքաղաքական գնահատումներ, այդ պատճառով իրենք չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին։ Երկրորդ հայտարարությունը, ի՞նչ տեղի ուենցավ․ 2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվել է ռազմաքաղաքական դաշինք, որն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ փաստաթղթում շատ հստակ խոսվում է Զանգեզուրի միջանցքի մասին, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու մասին։ Եվ այդ փաստաթղթով արձանագրվում են պատերազմում ձեռք բերած իրենց առավելությունները։ Եվ ըստ էության հայտարարում են, որ Արցախի հարցը փակված է։

Այդ հռչակագիրը վավերացվել է Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ իբրև առաջնային մանդատ ստացած պետական կառույց, պարտավոր է իր վերաբերմունքը արտահայտել այդ հակահայկական փաստաթղթի վերաբերյալ։ Եվ Հայաստան դաշինքը հանդես է եկել հայտարարության տեքստով, որտեղ ընդամենը գրված է, որ օկուպացված Շուշիում ընդունված փաստաթուղթն անընդունելի է մեզ համար։ Եվ քաղաքական մեծամասնությունը, առանց որևէ լուրջ փաստարկի, բոյկոտեց այս նախագիծը»,- ասաց նա։
 
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ սրանով հստակ պետք է արձանագրել, որ քաղաքական մեծամասնությունն ըստ էության վավերացնում է այդ փաստաթուղթը և սպասարկում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։ Եվ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դեռ կասկածում էին, որ այս իշխանությունը որևէ կապ ու առնչություն չունի Հայաստանի, Արցախի և առհասարակ հայ ժողովրդի շահերի հետ, սա ևս մեկ փաստ, որ տեսնեն ու համոզվեն։

Անդրադառնալով իշխանության այն հիմնավորմանը, որ ԱԳՆ-ն ամիսներ առաջ արդեն դատապարտող հայտարարություն արել է, հիմա խորհրդարանը չի ուզում կրկնել դա, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Այդ դեպքում թող նման հայտարարություն անեն։ Ակնհայտ է, որ իրենք խուսափում են։ Մենք ավելի մեղմ ձևակերպումներ էինք տվել, քան այն հայտարարությունը, որն արել էր ՀՀ արտաքին գործերի նախարարը։ Մեկ անգամ ևս ուզում եմ արձանագրել, որ եթե սրանից հետո քաղաքական մեծամասնությունից որևէ մեկն ասի, որ հայ-թուրքական հարաբերությունների ժամանակ նախապայման չկա, սա ընդամենը երեսպաշտություն է և մեր հասարակությանը ձեռ առնելու փորձ։ Այդ նախապայմանները հստակ կան»։

  • Կիսվել: