հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը շնորհավորական ուղերձ է հղել մամուլի ազատության օրվա կապակցությամբ

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը շնորհավորական ուղերձ է հղել մամուլի ազատության օրվա կապակցությամբ

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․

«Այսօր մամուլի ազատության օրն է և ազատությունն ավելի քան երբևէ լրագրողի հոգատարության կարիքն ունի։
Այսօր Հայաստանում մեդիայի ազատությունը 100 տոկոսով ապահովված է: Եվ չնայած ֆեյք նյուզերին, տեղեկությունների նենգափոխումներին ու զրպարտություններին, որ հաճախ մի քանի ժամով հայտնվում են մեր էկրաններին և մեզ տանում ծուռ հայելիների աշխարհ, խոսքի ազատությունը ոչ մի դեպքում, ոչ մի միլիմետր չպետք է տուժի ու սահմանափակվի:
Եվ հավատացեք, խոսքի ազատությունը պաշտպանում է ոչ միայն քաղաքացիներին, այլ՝ նաև կառավարությանը, եթե, իհարկե, այն թաքցնելու ոչինչ չունի: Այնպես որ ժողովրդավար, չկոռումպացված, հաշվետու կառավարությունների համար խոսքի ազատությունը և՛ արժեք է, և՛ կեղծիքից ու ստից պաշտպանվելու միջոց:
Այսօր նույնիսկ հասուն ժողովրդավարություններ ունեցող երկրներում հակաժողովրդավար ուժերը կիրառում են մեդիագործիքներ՝ ֆեյքնյուզ, ապատեղեկատվություն, ատելության կամ բռնության քարոզ տարածելու, ավտորիտար առաջնորդների պաշտամունք ստեղծելու, հակաժողովրդավարական օրակարգեր ու գաղափարներ տարածելու համար։
Հենց այդ պատճառով է, որ ամենուր որոնվում են մեխանիզմներ՝ պաշտպանվելու այս՝ ժամանակակից մեդիայի մանիպուլացնող ազդեցություններից։ Այն պայմաններում, երբ տեղեկատվական մեծ հոսքերի աղմուկն անդադար է, մարդիկ պետք է կարողանան դրանցից ընտրություն կատարել, դրանք վերլուծել և իրենց շահերին սպասարկող կամ դրանց չհակասող որոշումներ կայացնել։
Եվ միայն գիտելիքահենք հանրության, պրոֆեսիոնալ ու էթիկական սկզբունքներով առաջնորդվող լրագրության պայմաններում է, որ մարդիկ կարող ենք դուրս գալ ծուռ հայելիների աշխարհից, ճիշտ կողմնորոշվել ու պաշտպանել իրենց իսկ նվաճած ժողովրդավարությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը:
Եվ այս դժվարին փորձության մեջ ես մեծապես ապավինում եմ յուրաքանչյուր լրագրողի անհատակա՛ն խիզախությանը, որ կմշակի և կգործադրի հանրության շահից ելնող սեփակա՛ն օրակարգը, հարկ եղած դեպքում չի՛ ենթարկվի իր իսկ խմբագրության թելադրած կեղծ օրակարգերին և կգործի իր խղճով ու դավանած արժեքներով: Եվ ինքն իր համար կունենա՛ բացատրություն, թե ինչու է գրում կամ հաղորդում այս կամ այն տեղեկությունը, վերլուծությունը և ինչո՛ւ է դա կարևոր հայտնել հանրությանը:
Այս դժվարին պայքարում ես առավելապես ապավինում եմ յուրաքանչյուր լրագրողի անհատական վճռականությանը, որ իր ճշմարտախոսությամբ չի՛ հանդուրժի սուտը ու չի՛ դավաճանի իր մասնագիտությանը:
Այս դժվարին ճանապարհին, ես ապավինում եմ յուրաքանչյուր լրագրողի անհատական պրոֆեսիոնալիզմին ու ինքնագիտակցմանը, որ չի՛ օգտագործի իր խոսքի ուժը ի չարս, չի՛ չարաշահի հանրության կողմից իրեն վերապահված հավատը, չի՛ մոլորեցնի, չի՛ նենգափոխի»։

  • Կիսվել: