շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ պատգամավորը զգուշացրեց՝ ազգային անվտանգության դեմ գնացողները ժողովրդի կողմից կարող է ենթարկվեն «սամասուդի»

ԱԺ պատգամավորը զգուշացրեց՝ ազգային անվտանգության դեմ գնացողները ժողովրդի կողմից կարող է ենթարկվեն «սամասուդի»

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը այսօր ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ ռազմաքաղաքական իշխանության հասցեին հնչած քննադատություններին և դրանք անողներին զգուշացրեց, որ կենթարկվեն «սամասուդի»։

«Գրում են՝ էդ ի՞նչ ես պայմանավորվել ադրբեջանցի գործընկերոջդ հետ, որ տղայիդ ծառայելուց հետո պատերազմ սկսվեց, կամ ասում են՝ բանակի փամփուշտները ապօրինի ճանապարհով են ձեռք բերվել, կամ՝ հակառակորդը խոցեց ռազմավարական նշանակության օբյեկտ և նման բաներ։ Ես սա գնահատում են ոչ թե ընդդիմախոսություն, ոչ թե ընդդիմադիր կեցվածք, այլ ուղղակի դիվերսիա է, պարտիզանական պայքար պետության դեմ», -հայտարարեց Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով, ոչ հեռավոր անցյալում նման մարդկանց համարում էին պրովոկատոր ու գնդակահարում փողոցներում։

«Մեր ազգայն անվտանգությանը սպառնացող վտանգները նույնն են մնացել, ինչ կարող էին անել այդ պրովոկատորները։ Կոչ եմ անում մեդիա մասնագետներին, քաղաքագետներին, իրավաբաններին մտածել իրավական ինչ-որ կարգավորում, որ կարողանանք ֆիլտրել, և այդ աղբը, ազգային անվտանգությանը սպառնացող աղբը չմտնի դաշտ։ Ասեմ ավելին, ժողովրդի հետ շփվելուց արդեն տեսնում եմ միտումներ, որ ինչ-որ հատված արդեն փորձում են ինքնադատաստան տեսնել այդպիսի մարդկանց հետ։ Այսպիսի հրապարակումներով կարող է «սամասուդի» արժանանաք, և իշխանությունները չհասցնեն փրկել ձեզ», -հայտարարեց պատգամավորը։

  • Կիսվել: