ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ նախագահը հանդիպումներ ունենում է ՍԴ դատավորների հետ. ԱԺ-ն հաստատում է

ԱԺ նախագահը հանդիպումներ ունենում է ՍԴ դատավորների հետ. ԱԺ-ն հաստատում է

Ազգային ժողովի աշխատակազմը ի պատասխան Ազգային հակակոռուպցիոն խորհրդի նախագահ Արսեն Բաբայանի գրավոր հարցմանը հաստատել է ԶԼՄ-ում տարածված տեղեկությունը առ այն, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ, այդ թվում` դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ:

Ինչպես ասվում է ԱԺ աշխատակազմի գրավոր պատասխանում․ «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իշխանության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների, այդ թվում՝ ՍԴ դատավորների հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում: Այս օրերին ևս Արարատ Միրզոյանի և ՍԴ դատավորների (այդ թվում՝ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի) միջև հանդիպումներ կրկին տեղի են ունենում»։

Նշենք, որ ԱԺ նախագահի ու ՍԴ դատավորների հանդիպումների մասին տեղեկությունները հրապարակվել էին մամուլում՝ նշելով, որ այդ հանդիպումների նպատակն է ազդել դատավորների վրա, որպեսզի նրանք օգտվեն վաղ կենսաթոշակի անցնելու օրենսդրությամբ ամրագրված հնարավորությունից: Խոսքը մասնավորապես Ֆելիքս Թոխյանի հետ հանդիպման մասին էր։ Ըստ մամուլի Միրզոյանը նրան համոզել է գնալ վաղ կենսաթոշակի՝ փոխարենը նրա որդիների համար «լավ» աշխատանք խոստանալով։ Նկատենք, որ ԱԺ-ում իր վերջին ելույթում ՍԴ դատավորների հետ հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանցից ներողություն խնդրելով ստեղծված իրավիճակի համար:

  • Կիսվել: