ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող արձանագրությունը

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող արձանագրությունը

Ազգային ժողովն այսօր ընդունեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 104 պատգամավոր։

Այն նպատակաուղղված է ԵԱՏՄ տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման հետ կապված հարաբերությունների կարգավորմանը` միության անդամ պետությունների միջեւ փոխադարձ առևտրի իրականացման դեպքում:

Խորհրդարանը  վավերացրեց  նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող արձանագրությունը։ Այն վավերացվեց 108 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով։

Արձանագրությամբ ապահովվում է գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից օգտագործվում է մրցակցության այն միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում, որոնց խախտումը բացասական ազդեցություն է թողնում կամ կարող է թողնել երկու և ավելի կողմերի տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնել էր, որ այս համաձայնագիրը որևէ առնչություն չունի պետական գաղտնիք համարվող տեղեկատվության հետ, որը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ:

  • Կիսվել: