ԱԺ-ն քննարկում է Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարցը
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը։
«Իմ քայլը»-ից Արթուր Հովհաննիսյանը, նորկայացնելով նախագիծը, նշեց․
«Սույն թվականի դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուք սոցիալական կայքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզ, ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»: Սույն թվականի դեկտեմբերի 22-ին նույն կայքում Նաիրա Զոհրաբյանը կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է հետևյալ հատվածը. «Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է, Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք եթե ուզենք, այո՛, բռնի ուժով պետք է կրթենք նաև հասարակության այդ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգնա և իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության: Ես ժեխին հայրենիք չեմ զիջելու: Հիմա ես լինելու եմ Հանրապետության հրապարակում Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար: Ժեխը իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու։ Ու եթե պետք լինի, այո՛, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և, առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից։ Ու բռնի ուժով տանել կրթելու։ Սա այլևս ազգային անվտանգության լրջագույն հարց է։ Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ։ Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք։ Մենք ժեխապետություն չենք ունենալու։ Վստահ եղեք»:
Ա.Հովհաննիսյանը նշեց, որ եթե ԱԺ-ն որոշում է կայացնում, և Զոհրաբյանը զրկվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնից, երկշաբաթյա ժամկետում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարող է առաջադրել հանձնաժողովի նոր նախագահի թեկնածու: Եթե չի առաջադրում, ապա քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը:


