երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ԱԺ-ն առաջին ընթերցամբ ընդունեց մի շարք օրենքի նախագծեր

ԱԺ-ն առաջին ընթերցամբ ընդունեց մի շարք օրենքի նախագծեր

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել նաև երեխայի սեռը: 

Օրենքի նախագիծն ընդունվեց 119 կողմ և 1 ձեռնպահ ձայներով:

ԱԺ-ն 81 կողմ, 37 դեմ և 2 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց նաև կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Փաթեթով նախատեսվել է ապահովման պայմանագրում ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունը սահմանելու հնարավորությունը, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողների հետ կնքվող) պայմանագրերի, սահմանվել է, որ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է հնարավորություն ընձեռի նույնականացնել գրավի առարկան դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին, միաժամանակ նախատեսվել են կարգավորումներ ապահովված իրավունքի առարկայի նկատմամբ բռնագանձում տարածելու հնարավորության ապահովման համար, սահմանվել է, որ գրավի իրավունքը տարածվում է նաև գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել այն դեպքերի համար, երբ զույգ համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցները երթևեկում են առանց զույգ համարանիշի և այն դեպքերի համար՝ երբ բացակայում է համարանիշներից մեկը։

Օրենքի նախագիծն ընդունվեց 99 կողմ, 21 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

 

  • Կիսվել: