ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ հանձնաժողովը մերժեց ՊՆ-ում առանձին գիտական կենտրոն ստեղծելու ԼՀԿ նախագիծը

ԱԺ հանձնաժողովը մերժեց ՊՆ-ում առանձին գիտական կենտրոն ստեղծելու ԼՀԿ նախագիծը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 

ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախագծի նպատակն է ռազմարդյունաբերության խթանումը և գիտական ներուժի օգտագործումը՝ ի շահ մեր բանակի և պետության: 

 
 

Պատգամավորը հայտնեց, որ փոփոխությունների նախագծով առաջարկվում է ստեղծել Ռազմարդյունաբերության համալիրին կից գործող գիտական կենտրոն, որը ՀՀ-ում հավատարմագրված բուհերի հետ կիրականացնի գիտահետազոտական ծրագրեր: Նրա խոսքով՝  նախատեսվում է նաև զորակոչից տարկետման տրամադրում այն քաղաքացիներին, որոնք կընդունվեն բուհ և պայմանագիր կկնքեն, որ պատրաստ են իրենց ներուժը օգտագործել ի շահ բանակի: 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ նախագիծը միտված է գիտելիքահեն պաշտպանական համակարգի վրա կառուցված զինված ուժեր ունենալուն, սակայն, իր կարծիքով, պետք է անփոփոխ թողնել օրենքը: 

«ՊՆ-ում գործում է գիտական վաշտ, որում ներգրավվում են այնպիսի զինակոչիկներ, որոնք համապատասխան գիտելիքներ ունեն և անհրաժեշտ են մեր ռազմական գերատեսչությանը: Նրանք գիտական աշխատանքներ են կատարում և արդյունքներ ներկայացնում: Եթե նոր կենտրոնը պետք է փոխարինի այդ վաշտին, ապա դրա կարիքը չկա»,- ասաց պատգամավորը: 

Կառավարությունը առարկություններ է ներկայացրել նախագծի վերաբերյալ: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ որևէ մեկը չի կարող առարկել, որ 21-րդ դարի բանակները պետք է հիմնված լինեն գիտության վրա, և Հայաստանն էլ պետք է ունենա բարձր գիտական ներուժով բանակ: 

Փոխնախարարն ասաց, որ ՊՆ-ում, այո, կա գիտական վաշտ, գործում է նաև կիբեռանվտանգության խումբ: «Եթե դուք ուզում եք օրենքով կարգավորենք, որ կոռուպցիոն դրսևորումներ չլինեն, պետք է նշեմ, որ եթե գիտական վաշտ ընդունվելու գործընթացում որևէ կոռուպցիոն դրսևորում լիներ, ապա վաշտում չընդգրկվածները որևէ կերպ աղմուկ կբարձրացնեին: Գիտական վաշտի, ինչպես նաև կիբեռանվտանգության խմբի գործունեության արդյունքները տեսանելի չեն, քանի որ տեսանելի չեն նաև այդ ուղղությամբ հակառակորդի արդյունքները, ինչը նշանակում է՝ վաշտը լուծել է իր առջև դրված խնդիրը»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ գիտական վաշտի գործունեության և արդյունքների մասին շատ բան հնարավոր չէ հրապարակայնացնել, սակայն եթե դրա գոյությունն արդարացված չլիներ, վաշտի զինծառայողները կծառայեին խրամատներում: 

Հանձնաժողովը քվեարկությամբ բացասական եզրակացություն տվեց նախագծին:

  • Կիսվել: