չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱԺ այսօրվա նիստը մեկնարկեց ընդդիմություն-իշխանություն բանավեճով

ԱԺ այսօրվա նիստը մեկնարկեց ընդդիմություն-իշխանություն բանավեճով

ԱԺ այսօրվա նիստը մեկնարկեց ընդդիմություն-իշխանություն բանավեճով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, թե  հերթական անգամ ՔՊ-ն թույլ չտվեց ընդդիմության կողմից նախաձեռնած հարցը մտնի նստաշրջանի օրակարգ ու քննարկվի: «Հերթական նախաձեռնությունը սպանվեց», - ասաց նա:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե հանրությունը սպասում է, որ հասկանա` ո՞րն է այն օրակարգը, որով ընդդիմությունը մի պահ վերադարձավ ԱԺ, հետո հեռացավ, հետո նորից եկավ:

«Հարցերի պատասխանները ձեր մեջ քննարկեք ու ընտրողներին ներկայացրեք», - նշեց Սիմոնյանը:

Նա կարծում է, որ ՔՊ-ին ընտրողները գոհ են իրենց ընտրությունից: ԱԺ նախագահն ասաց,  որ Հայաստանի համար կարևոր է ունենալ գործող ընդդիմություն:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց`  նախ պետք է ունենալ իշխանություն, որը կատարում է իր նախընտրական խոստումները:

«Իշխանությունը ոչ միայն չի կատարել իր նախընտրական խոստումները, այլ իրականացնում է ուղիղ հակառակը: Արդյոք չեք մտածո՞ւմ, որ ձեր վարքագիծը ոչ միայն հակասում է պարզ տրամաբանությանը, այլ նաև մեր խորհրդարանը տանում եք անհասկանալի ուղղությամբ», - ընդգծեց Մինասյանը:

Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե չի հասկանում` ի՞նչ գործ ունի ընդդիմությունն իրենց նախընտրական խոստումների հետ: «Ձեր նախընտրական խոստումը, եթե ձևավորենք, դուք եկել էիք մեզ սպանելու,  մեր գնդակահարությունն էիք բեմադրում ու ուրախանում դրա վրա, խորոված անում», - նշեց Սիմոնյանը` շեշտելով` իրենք իրենց ընտրողների հետ կխոսեն 2026 թվականին:

  • Կիսվել: