հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը

Հայաստանի Ազգային ժողովում քննարկման է դրվել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։

Ինչպես Ազգային ժողովի  մայիսի 21-ի նիստում նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրվելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը։

Թեկնածուին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ում տեղեկատվությամբ՝ ընթացիկ տարվա մարտի 29-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու են ինքնաառաջադրվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։

Ընդհանուր ժողովում, որին մասնակցել է այդ պահին ՀՀ-ում գործող 311 դատավորներից 217-ը, գաղտնի քվեարկությամբ Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 131 դատավոր, Արսեն Նիկողոսյանի թեկնածությանը՝ 126։

«Արդյունքում դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Մհերի Խաչատուրյանը։

Նրա թեկնածությունը ԱԺ Կանոնակարգ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքներով նախատեսված ընթացակարգով առաջադրվել է ՀՀ Ազգային ժողովին»,-ասաց Թադևոսյանը։

Ըստ այդմ՝ Դավիթ Խաչատուրյանը ծնվել է 1975 թվականին Երևանում: 1997 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2000-ին պաշտպանել է թեկնածուական թեզ, նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2000-2005 թթ.-ին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում, Դատարանների նախագահների խորհրդում: 2003-2006 թթ.-ներին ԵՄ-ից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի կողմից իրականացվող Հարավային Կովկասում թմրամիջոցների դեմ պայքարի տարածաշրջանային ծրագրի՝ Հայաստանում իրավական օժանդակության ծրագրի ղեկավար:

2006–2013 թթ.-ներին աշխատել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը` 2006 թ. որպես ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության բաժնի օգնական, իսկ 2007–2013 թթ.-ներին` ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավական հարցերով մասնագետ։

2014-ին աշխատել է որպես ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, նաև դասախոսել է:

2016-2021 թթ.-ներին ՀՀ փաստաբանների պալատի անդամ է եղել: 2021-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ, իսկ 2023-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

Դավիթ Խաչատուրյանը զբաղվել է նաև գիտական և մանկավարժական գործունեությամբ: Հեղինակ է 30-ից ավելի գիտական հրապարակումների, այդ թվում՝ 5 մենագրության:

  • Կիսվել: