հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այսօրվա սահմանները որոշվել են 2010-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով. վարչապետ

Այսօրվա սահմանները որոշվել են 2010-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով. վարչապետ

Սիսիանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինայնը կոչ արեց նախ՝ մեկ րոպե լռությամբ հարգել հանուն Հայրենիքի կյանքը զոհած հերոսների հիշատակը, իսկ դրանից հետո հորդորեց ծափեր ու վանկարկումներ չանել՝ հաշվի առնելով, որ եռօրյա սուգ է հայտարարված երկրում:

«Այսօր շատ է խոսվում այն մասին, որ էն, ինչը որ տեղի է ունենում Սյունիքի սահմաններին, Սյունիքը հանձնելու պրոցես է, Սյունիքի անվտանգությունը հարվածի տակ դնելու պրոցես է, իրականում լրիվ հակառակն է: Խնդիրն այն է, որ երբ մենք մեր սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք Հայաստանի սահմանին համապատասխան, դրանով մեր անվտանգության աստիճանը ուժեղանում է, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանը նաև անվտանգային այն համակարգի սահմանն է դառնում, որի անդամն ենք մենք»,- ասաց Փաշինյանը:

Ո՞վ է որոշել այդ սահմանը և ի՞նչ իրավական հիմքով՝ հարցերին ի պատասխան վարչապետը նշեց, որ այսօրվա սահմանները որոշվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որն ընդունվել է 2010 թվականին:

 

«Այդ օրենքում, օրինակ, Ներքին Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ տրված է նաև Ադրբեջանի հետ սահման: Դա եղել է 2010 թվականին: Բա էն ժամանակ ինչի՞ է օրենքի մեջ գրվել, էն ժամանակվա Կառավարությունը ներկայացրել է օրենքը: Որովհետև վարչատարածքային բաժանման մասին օրենսդրական նախաձեռնություն ցուցաբերելու բացառիկ իրավունքը պատկանում է միայն ՀՀ կառավարությունը:

Կառավարությունն ընդունել է այդ օրենքը, որտեղ նկարագրված են էսօրվա մեր բոլոր խնդրահարույց սահմանները՝ մյուս կողմից նկարագրելով Ադրբեջանի Հանրապետության սահման: Հիմա այդ տարիներին Ազգային ժողովում պատգամավոր կամ կառավարության անդամ եղած մարդիկ մեզ ասում են՝ ինչո՞ւ եք այդ կետերում կանգնում, դուք ի՞նչ է, էդ սահմանը ճանաչո՞ւմ եք: Բայց չէ՞ որ ձեր ընդունած օրենքով է օրենքի ուժ ստացել դա: Բա էն ժամանակ ինչի՞ չեն ասել, որ սա Արցախի Հանրապետության սահման է»,- ասաց վարչապետը:

Հարցերին, թե ՀԱՊԿ-ը ինչո՞ւ չմիջամտեց պատերազմի ժամանակ՝ նույն պատասխանն ունի՝ նշեց Փաշինյանը:

«Որովհետև մեր օրենքում գրված էր, որ մեր սահմանն այս է: Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Այդ օրենքն ընդունվել է 2010 թվականին: Օրենքն ընդունել է 2010-ին գործող խորհրդարանը, օրենքի նախագիծն էլ ներկայացրել է 2010-ին գործող կառավարությունը: ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ սա է ձեր սահմանը, դուք եք նկարագրել ձեր սահմանը, մենք էլ ձեր սահմանից դուրս ինչպե՞ս կարող ենք միջամտություն անել»,- նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: