շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
Այսօր քաղաքական դիսկուրսը իջեցված է «տռուսիկ-մայկայի» մակարդակի. Վիկտոր Սողոմոնյան

Այսօր քաղաքական դիսկուրսը իջեցված է «տռուսիկ-մայկայի» մակարդակի. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, որը մասնակցել է Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ ստեղծված «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նիստին, կարծում է, որ այդ հավաքը ու դրա շուրջ գործընթացները տրամաբանական են:

«Կարծում եմ, որ բոլորովին տրամաբանական գործընթաց է տեղի ունենում, այսինքն՝ ստեղծված իրավիճակում հնարավոր չէր, որ մարդիկ, ովքեր հստակ անհանգստություններ ունեն, չփորձեին մեկտեղել ուժերը՝ լիներ դա ակումբի տեսքով, թե՞ այլ միավորման», - PrimeNews.am-ի հետ զրույցում ասաց Սողոմոնյանը:

Նրա խոսքով, «Վերնատուն» ակումբի նիստում ներկաները այնպիսի մարդիկ էին, ովքեր տարբեր տարիներին իրենց ներդրումն են ունեցել երկրի զարգացման գործում:

«Հուսով եմ՝ կհաջողի և հուսով եմ, որ սա կոնսոլիդացիոն ֆորմատներից մեկն է, որը իր պտուղներն է տալու: Կապրենք, կտեսնենք», -նշեց Սողոմոնյանը:

Անդրադառնալով ընդդիմախոսների՝ հիմնականում իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե «Վերնատան» հավաքում կենդանություն են առել քաղաքական դիակները, Սողոմոնյանը ասաց. «Ցավում եմ՝ իրենց համար»:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ «Վերնատան» հավաքի կազմակերպման հարցում ներդրում ունի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր ֆինանսական հզոր կարողություններով, Սողոմոնյանը արձագանքեց. «Ես կարծում եմ, որ այդ խայտառակ մակարդակից խուսափելու համար են պետք այդ հարթակները, որովհետև այսօր քաղաքական դիսկուրսը իջեցված է «տռուսիկ-մայկայի» մակարդակի: Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտը և դրա ներկայացուցիչները առաքելություն ունեն այդ դիսկուրսը վերադարձնել պատշաճ մակարդակի ու բամբասանքից անցնել կոնստրուկտիվ դիալոգի»:

  • Կիսվել: