Այսօր կպահանջենք նախագահի հետ հանդիպում, մերժման դեպքում երթով կգնանք իր կեցության վայրը. Զոհրաբյան
ՊՆ-ի դիմաց ակցիա ժամանակ ՓՊ ղեկավար Արա Զոհրաբյանը հայտնեց, որ այսօր կպահանջեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպում, իսկ մերժման դեպքում երթով կգնան իր կեցության վայրը։
Նրա խոսքով՝ Հանրապետության նախագահը կարող է մինչև մարտի 9-ը դիմել ՍԴ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման հարցով։
«Եթե խոսում ենք քաղաքակիրթ լուծումների մասին, դրանից լավ, իդեալական ճանապարհ կա։ Ասում ենք՝ թող ՍԴ-ն լուծի այս վեճը, բայց ամեն ինչ արվում է, որ նախագահը ՍԴ չդիմի։ Հիմա ուզում ենք գնալ և պնդել, նախագահից պահանջել։ Նա շատ է լռել, երբ Սահմանադրությունը բառիս բուն իմաստով պղծվեց, երբ ՍԴ դատավորներին հանեցին Սահմանադրության փոփոխությամբ, որի իրավունքը չունեին պատգամավորները, Հանրապետության նախագահը ձայն չհանեց։ Հանրապետության նախագահը շատ հարցերում է լռում և հիմա էլ այս կարևոր ժամանակահատվածում փորձում է անգործություն դրսևորել»,- ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է՝ իրացնելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր լիազորությունը: