կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Այսօր հայտարարվել է հյուսիս-հարավ ճանապարհի՝ Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթ

Այսօր հայտարարվել է հյուսիս-հարավ ճանապարհի՝ Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը:

Նա նշեց, որ այս նախագիծը ռազմավարական մեծ նշանակություն ունի:

Առաջին փուլում հրավիրվելու են այն կազմակերպությունները, որոնք կարող են ու հայտ են ներկայացնում՝ ճանապարհի շինարարությունը իրականացնելու. նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է:

«Այս մասշտաբի ներդրումային ծրագիր Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել ու ես ուզում եմ ասել, որ վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում Հյուսիս-հարավ նախագիծը մենք վերաձևակերպել ենք ու դարձրել Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք նախագիծ ու հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք», - հայտարարեց վարչապետը:

Նա նշեց, որ ճանապարհի ճյուղերից մեկը կկապի Հայաստանը Իրանին, մյուսը՝ Ադրբեջան-Հայաստան ու հետագայում դեպի Թուրքիա-Նախիջևան-Թուրքիա:

Փաշինյանը հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ կոնկրետ շինարարական ընկերություն կլինի, որը կիրականացնի աշխատանքը:

«Մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար, հույս ունենք ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն փաստաթղթի տեսքով ու դե յուրե գործընթացը ամբողջ թափով կծավալվի», - նշեց վարչապետը:

Նա ասաց, որ ճանապարհի նախաորակավորման փուլը տևելու է 70 օր:

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասաց, թե Հյուսիս-հարավ ամբողջ ճանապարհը մոտ 560 կիլոմետր է ու այս 60 կիլոմետրն ամենաառանցքային հատվածներից մեկն է:

«Սիսիանից դեպի Քաջարան գործող ճանապարհը միջինում ունի մոտ 50 կմ/ժամ արագություն, իսկ այս ճանապարհի կառուցմամբ կունենանք 100կմ/ժամ արագությամբ ճանապարհ, որը շուրջ երկու ժամով կկրճատի այդ հատվածների միջև հեռավորությունը, լինելու է անվտանգ ճանապարհ, վեց տարի ժամկետ է նշվում ծրագրի իրականացման համար», - ասաց Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ կան 12 կիլոմետրից ավելի թունելային հատվածներ, որոնցից միայն մեկը 8,6 կմ երկարություն կունենա:

«Ամեն ինչ կանենք, որ միջազգային խոշոր ընկերությունները լուրջ հետաքրքրվածություն ունենան ու տարվա վերջ ունենանք շինարար», - ասաց Գնել Սանոսյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: