չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այսօր Հայաստանում իշխանությունը ամեն օր բռնության է ենթարկվում Քոչարյանի և Սարգսյանի բանդաների կողմից. Վարչապետ

Այսօր Հայաստանում իշխանությունը ամեն օր բռնության է ենթարկվում Քոչարյանի և Սարգսյանի բանդաների կողմից. Վարչապետ

Դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ իր բոլոր դրսևորումներով, ուզում եմ ընդգծել իր բոլոր դրսևորումներով, որովհետև բռնությունը լինում է ֆիզիկական, բարոյական, հոգեբանական: Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին:

Վարչապետի հավաստմամբ, արդեն երկու տարի խորհրդարանական մեծամասնությունը այդ թվում նաև այս դահլիճում ենթարկվում է հոգեբանական բռնության: Ըստ նրա մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերով սպառնում են բռնաբարել , նրանց երեխաներին փողոցներում սատկացնել:

«Ամենա վերջին ստերն են ներկայացնում մեծամասնության պատգամավորների մասին: Այս ամենը հետապնդում է մի նպատակ ` խեղճացնել մեծամասնությանը, քայքայել մեծամասնությանը, քայքայել մեծամասնության կապը ժողովրդի հետ»,- հավաստեց վարչապետը:

Ապա նա պատմեց իր երեկվա հանդիպման մասին Էդմոն Մարուքյանի հետ. «Ես երեկ գնացել եմ Մարուքյանի հետ սուրճ խմելու և ես նրան ուղիղ ասել եմ, որ հիմքեր ունենք կասկածելու, որ նա մասնակից է այդ բարոյական կամ ֆիզիկական բռնությանը»:

Այնուհետև վարչապետը հարց հնչեցրեց, թե ինչու Մարուքյանը իր ելույթի ժամանակ իջավ ամբիոնից և մոտեցավ Սասուն Միքայելյանին:

«Տեղի ունեցածը կարելի է անվանել քստմնելի սադրանք: Բայց ես դատապարտում եմ նաև այն, որ մենք տրվում ենք սադրանքների, մենք դրա իրավունքը չունենք, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, հանել հավասարակշռությունից, «պոդեզդներում ծեծողների, քիլերների վերածել: Եվ այո, այսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ամեն օր բռնության է ենթարկվում Քոչարյանի և Սարգսյանի բանդաների կողմից»,- հայտարարեց վարչապետը` հավելելով, որ սա է իր գնահատականը տեղի ունեցածին:

«Այո ես դատապարտում եմ ինձ, մեզ: Այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր ամենա մեծ պարտությունը հեղափոխությունից հետո: Բայց թող ոչ մեկ հուսավառ չլինի, իմ կամքը ամուր է քարից, իմ հոգին հանձնվել չգիտի»,- հավաստեց երկրի ղեկավարը:

Նա նաև վստահեցրեց, որ այս ամեն ինչը կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի և բազմաթիվ քրեական գործերի հետ:

«Որովհետև էդ գողացված միջոցները, որ վերադարձնեն, բա որտեղից են թուլափայ ստանալու թուլափայ ստացողները: Այսօր բռնության է ենթարկվում ոչ միայն իշխանությունը, այլև հանրությունը, որովհետև նրանք ուզում են մեզ երկընտրանքի առաջ կանգնացնել կամ մենք դառնանք «պոդեզդներում» ծեծողներ կամ մեզ «պոդեզդներում» ծեծեն, մենք թույլ չենք տա ժողովրդից խլել իրեն պատկանող իշխանությունը: Մենք նրանց «պոդեզդներում» կպառկեցնենք ասֆալտին: Տեսեք ոնց են նրանք խոսացել նախկին իշխանությունների հետ և ոնց են խոսում երկրի լեգիտիմ իշխանությունների հետ: Այո բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի, և նման միջադեպ էլ չպետք ա կրկնվի: Մեր քաղաքական թիմի միակ անդամը, որ բռնություն է կիրառել երկու անգամ եղել է Սասուն Միքայելյանը` առաջին անգամ հեղափոխության օրերին, երբ պլաստիկե շշով խփեց տծխրահռչակ Լևոն Երանոսյանի գլխին, և հիմա.. եթե Անդրանիկ Քոչարյանը չզինաթափեր Սասուն Միքյալեյանին...»,- կատակեց վարչապետը:

Միևնույն ժամանակ նա նշեց. «Այո այսօր մենք պարտվեցինք: Ես դատապարտում եմ հարգելի պարոն Միքայելյան Ձեզ, ինձ, մեզ, դատապարտում եմ ծառայության Հայաստանի և Արցախի ժողովուրդներին, այն արժեքներին որոնք մենք որդեգրել ենք ոչ բռնի թավշյա հեղափուխության ժամանակ: Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե Շուշին, կեցցեն մեր երեխաները, կեցցենք մենք, որ ապրում ենք ազատ և երջանիկ, բռնությունից զուրկ Հայաստանում»,- եզրափակեց իր խոսքը երկրի ղեկավարը:

Նշենք, որ այսօր լրանում է Փաշինյանի ընտրության երկրորդ տարին: Այսօր հայ ժողովուրդը տոնում է նաև Շուշիի ազատագրման օրը:

 

  • Կիսվել: