չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Այսօր առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր

Այսօր առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, շանսոնյե Շառլ Ազնավուրի կրտսեր որդին՝ Նիկոլա Ազնավուրը անդրադարձել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբերն Վարդանյանի ուղերձին՝ մասնավորապես նշելով․

«Ինձ համար մեծ պատիվ է տարիներ շարունակ ճանաչել Ռուբեն Վարդանյանին։ Խոր հիացմունքով եմ խոսում մի մարդու մասին, ով մշտապես աչքի է ընկել որպես տեսլական ունեցող գործիչ և նվիրյալ հայրենասեր։ 

Բարեգործական նախաձեռնությունների և կրթական ծրագրերի իրականացմամբ Ռուբենն ապացուցել է, որ իրական հաջողությունը մարդկանց կյանքի բարելավումն է և ստեղծած արժեքները։ «Ավրորա» մրցանակի հիմնումը վկայում է կարեկցանքի, մարդկային տոկունության և հույսի ուժի նկատմամբ նրա խոր հավատի մասին։

 Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք ունեն բացառապես քաղաքական շարժառիթ, արդարության և մարդու իրավունքների ոտնահարում են։

Ռուբեն Վարդանյանի նվիրվածությունը հայ ժողովրդին ու համամարդկային արժեքներին իսկապես բացառիկ է։ Նա ազնվության և կարեկցանքի մարմնացում  է, որակներ, որոնք ոգեշնչում են։ 

Հպարտ եմ Ռուբենին իմ ընկերն անվանել և անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ նա կկարողանա շարունակել աշխարհը դեպի լավը փոխող նախաձեռնությունների իրագործումը:

Այսօր առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին։ Նրա քաջությունը և նվիրումը ոչ միայն մեր աջակցությանն են արժանի, այլև մեր միասնական ջանքն են պահանջում`ապահովելու նրա ազատությունն ու պաշտպանելու այն արժեքները, որոնք նա մարմնավորում է»:  

  • Կիսվել: