հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այս ուղով գնալու դեպքում նույնը սպասվում է Սյունիքին․ Վարուժան Գեղամյան

Այս ուղով գնալու դեպքում նույնը սպասվում է Սյունիքին․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հավանաբար չկա մի հայ, ոչ չի տեսել այս լուսանկարը։ Նկարում պատկերված է Անի մայրաքաղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցու ավերակը։
Երբ հեռավոր 2008թ. ես առաջին անգամ այցելեցի Անի, քաղաքի դարպասներից ներս մտնելիս շարժվեցի դեպի այս եկեղեցին։

Ճանապարհին հուզմունքս չկարողացա զսպել. տեսարանը ճնշող էր։ Այս կիսախոնարհ եկեղեցին ինձ համար Հայաստանի ու հայության խորհրդանիշն էր. խոցված, բայց չջարդված։

 

Նույն պահին ինքս ինձ խոստացա, որ իմ ձեռքից եկող ամեն ինչ կանեմ, որ էն, ինչ ունենք՝ 42 հազար կմ քառակուսի Հայաստանն ու հայությունը երբեք չեն հայտնվի էս կացության մեջ։

Անցան տարիներ։

2020թ. Հայաստանի 1/4-ը թշնամուն հանձնած հայրենի իշխանության շնորհիվ Արցախի մեծագույն մասում արդեն կան նոր «խոնարհված եկեղեցիներ»՝ հայաթափ տներ, փլված վանքեր, կոտորած տեսած հայություն, հազարավոր զոհեր։

 

Ես չեմ տեղադրում այդ նկարները Շուշիից, Հադրութից, Քարվաճառից։ Սակայն մի քանի տարուց դուք ինքներդ կգտնեք և ժամանակ առ ժամանակ կտեղադրեք ձեր էջերում երբեմնի հայկական Արցախի թրքացած լուսանկարները։

Այս ուղով գնալու դեպքում նույնը սպասվում է Սյունիքին։

Անկեղծ ասած՝ չգիտեմ էլ, թե ինչու եմ էս ամենը գրում։ Եթե մենք մեր աչքի առաջ հանդուրժում ենք ներկա իշխանություններին, ապա էս տողերն անիմաստ են և մենք 2020թ. տալիս ենք Չարենցի բերանով ձևակերպված՝ Հայոց արդի պատմության ամենագլխավոր հարցի պատասխանը. «Իսկ գուցե ցնո՞րք է Նաիրին…»։

Այո՛, ցնորք է, մի քանի հազար մարդու ուղեղի մորմոքը։

Ու վերջ»։

Պատկերը կարող է պարունակել. երկինք, ամպ, բացօթյա և բնությունը

  • Կիսվել: