ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այս պահին մարտական գործողությունների որևէ նշան չկա․Տավուշի մարզպետ

Այս պահին մարտական գործողությունների որևէ նշան չկա․Տավուշի մարզպետ

Տավուշում բնակչության տրամադրությունների, կրած վնասների և սահմանային իրավիճակի մասին «Ա1+»-ը զրուցել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։

-Պարո՛ն մարզպետ, այս պահին ինչպիսի իրավիճակ է սահմանին և սահմանամերձ համայնքներում։

-Կեսգիշերից հետո գյուղերում հանգիստ է, և այս պահին էլ է հանգիստ, մարտական գործողությունների որևէ նշան չկա, ձայներ էլ չեն հնչում, և մարդիկ զբաղված են իրենց առօրյա աշխատանքով, կարծես թե որոշ առումով  էլ  վերականգվում են վերջին երկու թեժ օրերից հետո։

 Իհարկե, չեմ կարող ասել՝ ինչ կլինի, կան նաև պաշտոնական հայտարարություններ մոտավորապես այս ոգու մեջ, հուսանք, որ խաղաղությունը կամրապնդվի, և մենք լիարժեք կվերադառնանք բնականոն կյանքի և աշխատանքի։

-Ինչպիսի՞ն է բնակչության տրամադրվածությունը, խուճապ կա՞:

-Ես մի քանի առիթով ասել եմ, որ սահմանային բնակավայերում մարդիկ շատ ավելի լավատես են, համարձակ են, շատ ավելի ամուր են, դա երևի իրենց դերակատությունից և առաքելությունից է գալիս։ Այս օրերի տրամադրությունը մեկ բառով կարելի է ասել մարտական, որովհետև մարդիկ հասկանում են, որ նման վտանգները իրենց գյուղի, մեր հայրենիքի բաղկացուցիչ մասն են, բնակչությունը ոգևորված է նաև ՀՀ զինված ուժերի պրոֆեսիոնալ վարքագծով, որի շնորհիվ է, որ մենք գյուղերում քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորներ և մահեր չունենք։ 

Իհարկե, կան տներ, ենթակառուցվածքներ, որոնք վնասվել են, և այլն, բայց  ընդհանրապես խուճապի մասին խոսք լինել չի կարող։ Մարդիկ բարձր զգոնությամբ իրենց առօրյայով են զբաղված մի փոքր ավելի սահմանափակ և պատրաստ են ցանկացած զարգացման դեպքում իրենց քայլերը կատարել։

Այս զգոնության ապահովման համար նաև մեծ ծավալի քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական աշխատանքներ են կատարվել և կատարվում այս պահին ևս։

-Արդեն հաշվարկվե՞լ են բնակչության նյութական կորուստների ծավալները։

-Ոչ, ես թիվ չեմ կարող ասել, այս պահին գույքագրում ենք իրականացնում, առաջնահերթ աջակցություն ենք տրամադրում, որպեսզի մարդիկ կենսաապահովման խնդիր չունենան, այս պահին սուր խնդիրներ չունենք, շուտով կգնահատվեն վնասները, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ վնասները արագ վերականգնվեն։

  • Կիսվել: