երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս պահին ՀՀ իշխանություն կոչվածը բանակցում է առանց որևէ երաշխիքի Արցախի բնակչության՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը․ Հայկ Մամիջանյան

Այս պահին ՀՀ իշխանություն կոչվածը բանակցում է առանց որևէ երաշխիքի Արցախի բնակչության՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը․ Հայկ Մամիջանյան

Մեկը կար՝ հինգ տարի առաջ Հանրապետության հրապարակում խոստանում էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծման պարագայում կարծիքը հարցնելու է հենց նույն հրապարակից, բայց անցան տարիներ ու զարմանալիորեն, որ հենց իր նման չէ, Նիկոլ Փաշինյանը ստեց։ Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ով հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

«Անցան տարիներ ու Նիկոլ Փաշինյանը ստեց», - ասաց Մամիջանյանը:

«Մի քանի դրվագ հիշեցնեմ որպես ապացույց․ առաջին՝ մի քանի ամիս առաջ ՀՀԿ փոխնախագահը հրապարակեց բանակցային գործընթացի սկզբունքները։ ՔՊ-ում երևի էլ պաշտոնյա չմնաց, որ փորձի հերքի, հետագայում պարզվեց դա ճշմարտություն է։

Դրանից հետո ես հրապարակեցի միջազգային իմ աղբյուրներից ստացած տեղեկությունները, որ իսկապես, բանակցվող տարբերակը ենթադրում է  Ղարաբաղի հայտնվելը Ադրբեջանի կազմում, այդ ժամանակ արդեն հերքել էլ չէին փորձում, որովհետև ակնհայտ էր։

Երբ խոսվում էր Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մասին, մենք անդադար պնդում էինք, որ այդ բանակցությունները Ադրբեջանի պահանջով լինելու են վերտիկալ, այլ ոչ թե հորիզոնական տիրույթում։ Նորից հերքումներ էին փորձում անել, իրականությունը հիմա տեսնում ենք ինքներս։ Եվ մեկ հայտարարություն, որը ցավոք սրտի իրականություն է․ իմ ունեցած տեղեկություններով այս պահին ՀՀ իշխանություն կոչվածը բանակցում է առանց որևէ երաշխքի Արցախի բնակչության՝ Ադրբեջանի կազմում հայտնելը, չնայած, ըստ Ադրբեջանի, լավագույն երաշխիքը լինելու է Ադրբեջանի սահմանադրությունը։

Հասկանո՞ւմ եք՝ մենք ինքնորոշման իրավունքից ուր ենք հասել, հայերի իրավունքները պետք է երաշխավորի Ադրբեջանի սահմանադությունը։ Մենք բանակցային այս իրավիճակում ենք, եթե որևէ մեկը փորձի հերքել, բարի ժամանց եմ մաղթում, արդեն ձեզ ոչ ոք չի հավատալու»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Մամիջանյանը հայտարարեց, թե այս պահին Հայաստանի  քաղաքացիները հնարավորություն ունեն ստորագրությամբ հայտնելու իրենց անհամաձայնությունն  իշխանությունների գործողություններին, իսկ շատ մոտ ապագայում, երբ «պայքարի ղողանջը զրնգա», փողոցում ցույց տալու, թե ով է մեր երկրի տերը:

«Մեկ էլ՝ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ստելով, խաբելով մեր  քաղաքացիներին ասել, որ այս, իբր, բանակցային գործընթացի (իսկ իրականում Ադրբեջանի ուլտիմիատումների կատարման) այլընտրանքը պատերազմն է՝  սուտ է, չհատավաք,  այս բանակցային գործընթացի այլընտրանքն այնպիսի բանակցային գործընթացն է, որտեղ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները միջազգային միջնորդների ներգործությամբ հնարավորություն կտան հայկական  շահի պահպանության: Իսկ այս պահին բանակցային գործընթացում  երկու կողմն էլ ադրբեջանական շահն են պաշտպանում», - հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

  • Կիսվել: