Այս լեքսիկոնով քննարկման դաշտ չենք մտնելու, մեր արժեհամակարգը թույլ չի տալիս. Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը առաջիկա շաբաթներին լինելու է առավել ակտիվ և տարբերվող ձևաչափով։ Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ընդգծելով, որ քարոզչական թիմը պատրաստել է բազմաթիվ նոր գաղափարներ և լուծումներ։
Նրա խոսքով՝ տարբեր գնահատականների և սոցիոլոգիական հարցումների արդյունքների համաձայն՝ ԲՀԿ-ի քարոզարշավը դիտարկվում է որպես առավել արդյունավետներից մեկը, ինչին, ըստ նրա, թիմը մոտենում է մեծ պատասխանատվությամբ։=
Տոնոյանը նշել է, որ առաջիկա շաբաթներին սպասվում են նոր ձևաչափեր, հետաքրքիր նախաձեռնություններ և տարբեր միջոցառումներ, որոնք կդարձնեն քարոզարշավը առավել ընդգծված և բազմազան:
«Մեր առաջնահերթությունը շարունակում է մնալ կառուցողական դաշտում մնալը և ծրագրային դրույթների ներկայացումը», — ընդգծել է նա։
Միաժամանակ նա քննադատել է իշխող ուժի քարոզարշավը՝ նշելով, որ վերջին շաբաթվա ընթացքում, իր դիտարկմամբ, բովանդակային քարոզչություն չի նկատել, իսկ քաղաքական քննարկումները հաճախ տեղափոխվում են վիրավորանքների և անձնական հարձակումների դաշտ. «Ես շատ եմ ցավում, որ նախորդող մեկ շաբաթվա ընթացքում, ես նույն իշխող կուսակցության կողմից որևէ բովանդակային քարոզարշավ չեմ տեսել և չեմ նկատել, բնականաբար այս ամբողջ գործընթացը շարունակվում է բացառապես ցեխ շպրտելու, անձնական վիրավորանքների դաշտ հեռակա բանավեճը տեղափոխելու համար է արվում, և դա վերաբերվում է ոչ միայն Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, Գագիկ Ծառուկյանին, այլ ընդդիմադիր դաշտի այլ գործիչներին»:
Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը արդեն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված վերջին քննադատություններին՝ նշելով, որ չի պատրաստվում իջնել վիրավորական խոսույթի մակարդակի։
Տոնոյանը հիշեցրել է նաև քաղաքական ուժերի միջև նախկինում ձևավորված չգրված կանոնի մասին, ըստ որի քաղաքական հակասությունները չպետք է տեղափոխվեն անձնական կամ ընտանեկան դաշտ։
Այս համատեքստում նա նաև շնորհավորել է քաղաքացիներին Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ՝ ընդգծելով ընտանիքի արժեքային նշանակությունը։
«Ընտանիքը մեզ համար արժեք է, ավանդույթ և արժանապատվություն։ Քաղաքական քննադատությունը ընտանիքի հասցեին ուղղելը մեզ համար անընդունելի է», — ասել է նա։
Տոնոյանը հավելել է, որ նույնիսկ եթե քարոզարշավում հնչում են սուր գնահատականներ, ԲՀԿ-ն, իր խոսքով, չի մտնելու «գռեհիկ խոսույթի դաշտ»։
«Մեր բառապաշարը բավարար է, բայց մեր արժեքային համակարգը մեզ թույլ չի տալիս անցնել այդ սահմանը», — նշել է նա՝ ընդգծելով, որ քաղաքական ուժը կպահպանի քաղաքական կոռեկտության և բարեկրթության սահմանները։
Միաժամանակ նա զգուշացրել է, որ եթե այդ սահմանները խախտվեն, պատասխանները կլինեն համարժեք։


