շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այս խորհրդարանը իր աշխատաոճով ու կազմով Հայաստանի ամենավատ խորհրդարանն է․ Գևորգ Պետրոսյան

Այս խորհրդարանը իր աշխատաոճով ու կազմով Հայաստանի ամենավատ խորհրդարանն է․ Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով, երկրի քաղաքական թիվ մեկ մարմնում՝ խորհրդարանում այս օրերին ընթացող գործընթացները ամենևին էլ քաղաքական չեն։

«Ոչ կառավարող խմբակցությունը և ոչ էլ ընդդիմադիրները իրավունք չունեն մեկը մյուսին մանդատը վայր դնելու մասին առաջարկ ներկայացնեն, որովհետև մանդատը նրանց տվել է ժողովուրդը։ Պարզապես պետք է քաղաքական կամք ցուցաբերեն ու մանդատը օգտագործեն ըստ նշանակության», - InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

Հիմա այնպիսի իրավիճակ է խորհրդարանում, ըստ պատգամավորի, երբ գործի է դրվում բռունցքը ու ձեռնապարտի տեսարաններով կերակրում են ժողովրդին։

«Քաղաքական թիվ մեկ մարմնում ցուցադրվում է ձեռնամարտ, և դա մեղք է համարել քաղաքական գործընթաց։ Ինչպե՞ս կարելի է իրար վիրավորանքն ու սադրանքը որակել քաղաքական գործընթաց», - նշեց Պետրոսյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, 7-րդ գումարման խորհրդարանը իր վատ որակներով գերազանցում է նախորդ գումարման խորհրդարաններին։

«Կարելի է ասել՝ այս պառլամենտը իր աշխատաոճով ու կազմով Հայաստանի ամենավատ պառլամենտն է։ Այո, բոլոր պառլամենտներում էլ եղել են պատգամավորներ, ովքեր անելիք չեն ունեցել այնտեղ, և օրենսդիր գործունեությունը նրանց համար եղել է չորրորդական նշանակության։ Բայց այնպիսի պառլամենտ, որտեղ իշխում է անհանդուրժողականության մթնոլորտ և քաղաքական այլախոհության նկատմամբ թշնամանք, չի եղել։ Վերջին շրջանում ես ընդհանրապես Ազգային ժողովում քաղաքական մթնոլորտ չեմ տեսնում, մարդիկ գալիս են այստեղ իրար վիրավորելու, պիտակավորելու, սպառնալու», - հավելեց պատգամավորը։

Հիշեցնենք՝ մայիսի 8-ին խորհրդարանում Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Էդմոն Մարուքյանը պահանջել էր կատարվածին տալ քաղաքական գնահատական՝ քաղաքական հետևանքներով։ Իմ քայլ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Սասուն Միքայելյանը և ևս երկու պատգամավոր պատրաստ են վայր դնել իրենց մանդատները, եթե Մարուքյանը և իր խմբակցությունից ևս երկու պատգամավոր իրենց հերթին վայր դնեն մանդատները։

  • Կիսվել: