ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այս իշխանություններին հեռացնելուց հետո աշխարհը Հայաստանի հետ այլ լեզվով է խոսելու․ ԱԺ փոխնախագահ

Այս իշխանություններին հեռացնելուց հետո աշխարհը Հայաստանի հետ այլ լեզվով է խոսելու․ ԱԺ փոխնախագահ

Այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միայն համազգային դիմադրություն ձևավորելու, համաժողովրդական ընդվզում սկսելու միջոցով։ Որքան շուտ հասնենք դրան, այնքան շուտ մեր երկիրն այս վիճակից դուրս կգա։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը չի համակերպվելու ստեղծված իրավիճակին։

«Չենք ընդունելու այս պարտությունը, այս ծնկի եկած վիճակը։ Ավելի դժվար օրեր են մեր երկիրը, մեր ժողովուրդը հաղթահարել, և ես հավաստիացնում եմ, որ ամեն ինչ անելու ենք և ստեղծված իրավիճակից դուրս ենք գալու։ Սա դատավճիռ չէ, սա ճակատագիր չէ, ինչպես իշխանություններն են փորձում ներկայացնել, թե ամեն ինչ ավարտված է, այլևս ելք չկա, պետք է համակերպվենք այս պարտության, այս կորուստների հետ, պատրաստ լինենք նոր զիջումների և կորուստների», - ասաց պատգամավորը։
 

Իշխան Սաղաթելյանը համոզմունք հայտնեց՝ գործող իշխանություններին հեռացնելուց հետո աշխարհը Հայաստանի հետ այլ լեզվով է խոսելու։

«Մենք մեր ամենօրյա քայլերով, գործողություններով փորձելու ենք հասնել դրան։ Մենք մեկ անգամ պետք է փողոց դուրս գանք, վերջնական պետք է դուրս գանք, շատ ավելի կազմակերպված, որ մեր ժողովրդին, հասարակությանը չտանենք հիասթափության», - ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ փողոցում լայնամասշտաբ և վճռական պայքար կազմակերպելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։

  • Կիսվել: