շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այս իշխանությունն այդ հնարքները լավ էլ օգտագործում էր. մի օրով մի տեղ է նշանակվում, հետո մի օրով մի ուրիշ տեղ ու հայտնվում է ԱԱԾ տնօրենի պաշտոնին. Քոչարյան

Այս իշխանությունն այդ հնարքները լավ էլ օգտագործում էր. մի օրով մի տեղ է նշանակվում, հետո մի օրով մի ուրիշ տեղ ու հայտնվում է ԱԱԾ տնօրենի պաշտոնին. Քոչարյան

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ երկրորդ նախագահ, ՛՛Հայաստան՛՛ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 3-ին հանդիպել է ոստիկանության, ՊՆ, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների եւ սպաների հետ։

Հանդիպմանը Քոչարյանը նշել է. ՛՛Անկեղծ ասեմ՝ չափազանց ուրախացա, երբ նախաձեռնություն եղավ մեր երկրի ամենից կարեւոր ինստիտուտների ծառայողների հետ հանդիպել՝ բանակ, Ոստիկանություն, Անվտանգության ծառայություն։ Սա նշանակում է, որ բոլորս մտահոգված ենք եւ հասկանում ենք, որ ինչ-որ մի բան պետք է փոխել, անել։

Դահլիճում են ոստիկանության ծառայողներ, որոնք այս ընթացքում ուղղակի չհամակերպվելով այս իրավիճակի հետ՝ դուրս են եկել համակարգից։ Դժվար է ուսադիր ունեցող մարդու համար դուրս գալ ծառայությունից, քանի որ կյանքդ շրջադարձային փոփոխության է ենթարկվում՛՛։

Հանդիպմանը հնչել է  դիտարկում, որ 2008 թվականի մայիսին ԱԱԾ օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնցով թույլ են տվել տարբեր գերատեսչություններից բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձանց տեղափոխել ԱԱԾ, օրինակ՝ ՛՛մի մարդ, որը բանակում չի ծառայել,  նշանակվում է ՔԿ տեղակալ կամ դատախազության տեղակալ, մի քանի օր հետո էլ հայտնվում է ԱԱԾ տնօրենի պաշտոնին՛՛։

Դիտարկմանն ի պատասխան՝ Քոչարյանն ասել է, որ  այդ օրենքը, որը սահմանափակում էր նման կարգի նշանակումները, ընդունվել է իր նախագահության ժամանակ.

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այն ժամանակ մենք ընդհանրապես օրենսդրորեն կարգավորել ենք ամբողջ պետական ծառայության համակարգը՝ եւ քաղծառայությունում, եւ ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանական ծառայությունում, դիվանագիտական ծառայությունում։ Ամբողջ իմաստն այդ օրենքի դրա մեջ էր, որը յուրաքանչյուրի համար կանխատեսելի կարիերայի ճանապարհ ցույց տաս եւ կողքից չստացվի, թե մեկին վերեւից բերում ու նստացնում ես մի բարձր պաշտոնի վրա։ Սպան ահավոր դիսկոմֆորտի մեջ պիտի հայտնվի այդ ամեն ինչի պատճառով։

Գիտեմ, որ դրանից հետո ինչ-որ ֆորտոչկա են բացել, հետո դա մեծացրել ու դարձրել են պատուհան, հետո դա սարքել են դուռ, դա դեռ մինչեւ այս իշխանության։ Այս իշխանությունն էլ այդ նույն հնարքները լավ էլ օգտագործում էր. մի օրով մի տեղ է նշանակվում, հետո մի օրով մի ուրիշ տեղ ու հայտնվում է ԱԱԾ տնօրենի պաշտոնին։ Սա համակարգ քանդելու ճանապարհ է։ Մենք նման բաներ նույնիսկ թույլ չէինք տալիս անել քաղաքացիական ծառայության բնագավառում։ Այդ խիստ նորմաները պետք է վերականգնել։ Ուղղակի բացառվելու է, օրենքների մեջ այդ բոլոր ֆորտոչկաներն ուղղակի փակվելու են՛՛։

 

  • Կիսվել: