Այս հեղափոխությունը եզակի չէր իր բնույթով. գիտաժողով ՀԱՀ-ում
Նոյեմբերի 14-ին և 15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ «Հայաստանի վերափոխումը համեմատական համատեքստում. ժողովրդավարացման վերամեկնա՞րկ» թեմայով ՀԱՀ քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի առաջին գիտաժողովը: Այս մասին հայտնում են ՀԱՀ-ից:
Գիտաժողովը կազմակերպել էին ՀԱՀ-ը և Զորյան ինստիտուտը՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Երկօրյա գիտաժողովին մասնակցում էին միջազգային ճանաչում ունեցող 22 գիտնականներ և մասնագետներ, ովքեր հինգ տարբեր պանելային քննարկումներում վերլուծեցին 2018 թ. հայաստանյան «թավշյա հեղափոխության» տարբեր կողմերն ու դրա հետևանքները` համեմատական համատեքստում։
Ուսումնասիրելով պատմության ընթացքում խաղաղ հեղափոխությունների տարբեր օրինակներ` Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի այս վերլուծությունը կիրառում էր համեմատական մոտեցում: ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսն իր ողջույնի խոսքում նշեց ՀԱՀ-ի և Հայաստանի կառավարության համագործակցության մասին՝ կարևորելով այն, որ համալսարանը կառավարությանը տրամադրում է ակադեմիական ծրագրերի և հետազոտությունների արդյունքում մշակված տվյալներ, որոնք նպաստում են կառավարության արդյունավետ որոշումների կայացմանը:
Շնորհակալություն հայտնելով կազմակերպչական թիմին իրենց ջանքերի և ներկաներին իրենց մասնակցության համար՝ գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալինա Ղարաբէգեանը հավելեց. «Այսօրվա գիտաժողովի նպատակն է լույս սփռել ՀՀ քաղաքական ապագայի վրա 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած հեղափոխության համատեքստում՝ դիտարկելով երկրի քաղաքական և պատմական անցյալը և տարբեր տեսանկյուններից գնահատելով մեր ներկա իրավիճակը»։
Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգիսեանը նշեց, որ հայաստանյան «թավշյա հեղափոխության» օրինակը թույլ է տալիս ավելի լայն համատեքստում դիտարկել այն և համեմատել այլ երկրների հետ, որոնք պատմության ընթացքում ունեցել են ավտորիտար ռեժիմներ, ինչպիսիք են Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան:
Գիտաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց աշխատանքները այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ «Հետխորհրդային ժառանգություն, լճացած ժողովրդավարացում և աճող ձգտումներ», «Վիճարկվող քաղաքականություն, համախմբում և լրատվամիջոցների կիրառում. թվային ներգրավվածությունից դեպի ներկայություն փողոցում», «Մարդու իրավունքներ, արդարություն և օրենքի գերակայություն. կայունություն և փոփոխություն», և այլն:
Բանախոսներից մեկը՝ Համաշխարհային համագործակցության հետազոտության կենտրոնի հետազոտող Սյուզան Բրունբաուերը, իր ելույթում նշեց. «Որպեսզի հնարավոր լինի իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, անհրաժեշտ է ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես, Հայաստանի բնակչությանը՝ մայրաքաղաքի և մյուս մարզերի միջև հաղորդակցություն ապահովելու միջոցով»:
Հարց ու պատասխանի ընթացքում, շոշափվեց «թավշյա հեղափոխության»՝ եզակի բնույթ ունենալու հարցը: Ջորջ Վաշինգտոն համալսարանի Քաղաքագիտության բաժնի ասպիրանտ Ստաս Գորելիքը նշեց․ «Չէի ասի, թե այս հեղափոխությունն այդքան եզակի է իր բնույթով: Այն ավելի շատ այդպես է թվում, քանի որ շատ արագ և անսպասելի կատարվեց՝ հաշվի առնելով, որ բոլոր նախադրյալները կային դրա համար»:
ՀԱՀ-ի պրոֆեսոր Գրեգորի Արեշյանը հավելեց, որ հեղափոխությունից հետո իր ամենամեծ անհանգստությունն այն է, որ դեռևս չկա իշխանության երեք մարմինների (օրենսդիր, գործադիր և դատական) տարանջատում, և մենք անկախ մտածողության մեծ անհրաժեշտություն ունենք:
Իր հերթին միջազգային հաղորդակցության և լրագրության պրոֆեսոր Վիգեն Չեթերյանը նկատեց, որ մենք քաղաքական բազմակարծության կարիք ունենք՝ հաշվի առնելով, որ դրա գիտակցումն արդեն կա և անցած տարվա քննարկումները ծավալվում էին հենց դրա շուրջ: Այնուամենայնիվ նա հավելեց, որ դեռ մտահոգություն ունի այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունավետության վերաբերյալ:
ՀԱՀ քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի նախկին պրոֆեսոր Արփի Բալյանը, խոսելով քաղաքացիական հասարակության մասին, ասաց. «Թավշյա հեղափոխության ժամանակ քաղաքացիական հասարակությունը հիմնական դերակատարն էր ավելի լայն զանգվածներ ներգրավելու համար: Այնուամենայնիվ, երբ հերթը հասնում է դրան հաջորդող գործողություններին, մասնավորապես, քաղաքական որոշումներում ներգրավված լինելուն, հարց է առաջանում, թե ինչ լծակներով են նրանք մասնակցություն ունենում»:
Գիտաժողովն իր փակման խոսքով եզրափակեց ՀԱՀ քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի դասախոս Հովհաննես Նիկողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ժամանակ տրամադրելու և իրենց գիտական աշխատանքների արդյունքները գիտաժողովի շրջանակներում հանրության հետ կիսելու համար:
Նա նաև շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ հուսալով, որ շատերը կարողացան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները մասնագիտական տեսանկյունից` ընդգծելով, որ ՀԱՀ քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագիրը ակնկալում է այս ձևաչափով համաժողովները դարձնել ամենամյա։