ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս արատավոր իրավիճակից միակ ելքն այդ խայտառակ համաձայնագրերի վերանայումն է. Արման Բաբաջանյան

Այս արատավոր իրավիճակից միակ ելքն այդ խայտառակ համաձայնագրերի վերանայումն է. Արման Բաբաջանյան

Խորհրդարանում այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ Հայաստանում գազի սակագնի թանկացմանը։

Նա հիշեցրեց, որ հունիսի 1-ին հայտնի դարձավ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության՝ բաժանորդների գազի գինը բարձրացնելու հայտը ու սեփական առաջարկություններն է ներկայացրել։

«Այսպիսով, ըստ հանձնաժողովի առաջարկի՝ Հայաստանում բնական գազի գնաճը կկազմի 4․5 տոկոս, գազի գինը սպառող քաղաքացիների համար չպետք է թանկանա։ «Գազպրոմ Արմենիան» իր ներկայացրած հայտում առաջարկել էր նույնական գազի գին սահմանել բոլոր բաժանորդների համար՝ չեղարկելով սոցիալապես անապահովներին մատչելի գնով գազի տրամադրումը, ինչի հետևանքով գազի գինը նրանց համար կտրուկ՝ շուրջ 36 տոկոսով կթանկանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակայն, առաջարկում է անփոփոխ թողնել սոցիալապես անապահով խավին տրվող արտոնությունները»,- ընդգծեց պատգամավորը

Նա նշեց, որ իր հայտում «Գազպրոմ Արմենիան» ներկայացրել է մի քանի փոփոխություններ ևս, որոնք ընդունելու դեպքում սպառողների համար գազի գինը միջինում 11 տոկոսով կթանկանա։

«Այսպիսով, հերթական անգամ մենք կանգնում ենք սակագնի փոփոխության խնդրի առաջ, ընդ որում, խիստ երկրորդական է, թե քանի տոկոսով է բարձրանալու գազի սակագինը։ Խնդիրը տվյալ դեպքում թանկացման փաստն է ինքնին, որովհետև այդ թանկացումը տեղի է ունենում միջազգային շուկայում էներգակիրների, այդ թվում՝ գազի էական էժանացման դեպքում»,- ասաց նա։

Արման Բաբաջանյանը նկատեց, որ դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ նույն Ռուսաստանը զգալիորեն նվազեցնում է եվրոպական երկրներին մատակարարվող գազի գինը։

«Սա ռազմավարական գործընկեր երկրի կողմից մեզ ուղղված ոչ բարեկամական քայլ է, որն ակնհայտորեն ունի ոչ թե տնտեսական, այլ բացառապես քաղաքական բաղադրիչ։ Ռուսաստանի համար գազի գինը քաղաքական լծակ է եղել միշտ, այդպիսին է նաև այսօր։ Ընդ որում, ամեն անգամ գազի սակագնի քննարկման ժամանակ մեզ ուրվականի պես այցի է գալիս Հայաստանի հանցավոր անցյալը, քանի որ այդ անցյալում 2013 թվականին կնքված գազային խայտառակ պայմանագրի հետևանքով է Ռուսաստանը գազային տոտալ մենաշնորհ հաստատել Հայաստանում, այդ թվում՝ գազասպառման համակարգի նկատմամբ»,- ընդգծեց Արման Բաբաջանյանը։

Ըստ նրա, այսօր գազի յուրաքանչյուր թանկացման ժամանակ վճարում ենք այդ հանցավոր անցյալի, նախկին իշխանությունների կնքած հակապետական գործարքների համար։

«Այս արատավոր իրավիճակից միակ ելքն այդ խայտառակ համաձայնագրերի վերանայումն է, ինչը  բարդ, բայց անխուսափելի գործընթաց է»,- նշեց պատգամավորը՝ մեկ անգամ ևս նշելով, որ անհրաժեշտ է վերանայել ԵԱՏՄ համաձայնագրերը՝ «գազային ստրկությունից» դուրս գալու համար։

  • Կիսվել: