կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ նախագահը՝ «Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցության նախագահին

Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ նախագահը՝ «Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցության նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Ողջունելով հյուրերին` նախագահը նշել է.

«Նախ շնորհակալություն եմ հայտում, որ այսօր մեզ հետ եք: Ամեն հայի համար Ցեղասպանությունը և ապրիլի 24-ը, առանձնահատուկ է: Եվ Ֆրանսիայի ու ֆրանսիացի ժողովրդի վերաբերմունքն էլ յուրահատուկ է եղել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի՝ Ֆրանսիայում հաստատվելու, ինչպես նաև Ֆրանսիայի լիարժեք քաղաքացի դառնալու գործում:

Մենք այդ աջակցությունը միշտ զգում ենք: Նաև վերջին 30 տարում մենք՝ որպես պետություն ենք գնահատում այդ վերաբերմունքը: Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել, բայց ես կարծում եմ՝ մեր բոլորիս պահանջը դրանից դուրս է և միտված է նման ոճրագործություններ կանխարգելելուն և թույլ չտալուն:

Ցավոք, ներկայումս ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։ Մենք՝ որպես պետություն հետևողական ենք այս հարցում և միջազգային հարթակներում շարունակում ենք ակտիվ նախաձեռնություններ ու ներգրավվածություն ցուցաբերել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով: Այս առումով գնահատելի է նաև ձեր, Ֆրանսիայի քաղաքական ուժերի և իշխանության գործունեությունը, որը վստահ եմ, ի վերջո, արդյունք տալու է»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ժան-Լյուկ Մելանշոնն ասել է.

«Պարոն նախագահ, ինչպես գիտեք, հավանաբար, ինձ ուղեկցում է ծագումով հայ ֆրանսիացի պատգամավոր Սեբաստիան Դըլագյուն և մեր փոքր պատվիրակությամբ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ հստակ պատկերացնում ենք, թե ինչ պատիվ եք Դուք մեզ անում՝ ընդունելով մի ժամանակաշրջանում, երբ մեծագույն պատասխանատվություններ եք ստանձնում նաև անձամբ: Իմ ներկայությունը Հայաստանում մի ձև է վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում և Հայաստանի հանդեպ ուշադրությունը, որ գոյություն ունի վաղուց ի վեր: Սոցիալիստական շարժման հիմնադիր Ժան Ժորեսը դեռ 19-րդ դարի վերջին, այսինքն՝ ցեղասպանությունից դեռ շատ առաջ ահազանգում էր ֆրանսիացիներին՝ Օսմանյան սուլթանների բռնությունների վերաբերյալ և ասում էր, որ եթե այս պահին ֆրանսիացիները ոչինչ չանեն՝ շատ ավելի վատ կլինեն հետևանքները ոչ միայն հայերի, այլ նաև ֆրանսիացիների համար: Կցանկանայի, որ իմ այցը Հայաստան, և մասնավորապես այս բացառիկ պահը, երբ մենք հանդիպում ենք, առիթ ծառայի, որպեսզի Հայաստանը Ֆրանսիայի և Եվրամիության ուշադրության կենտրում հայտնվի ևս մեկ անգամ: Համենայն դեպս, գոնե նրանք, ովքեր կարևորում են իմ աշխատանքը, ում համար կարևոր են իմ գաղափարները գիտակցեն, որ Հայաստանը կարևոր է: Իրենց համար սա իհարկե բարդ առաքելություն է, բայց կարծում եմ նաև, որ այս պահը՝ Ձեր տրամադրած հանդիպումը, Ձեր ընդունելությունը, նաև կդյուրացնի մեր գործը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի, ԵՄ-ի և Հայաստանի միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խթանման հնարավորություններին:

Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող հակամարտություների կանխարգելման և խնդիրները միայն խաղաղ բանակցային ճանապարհով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի շրջանակում լուծման հրամայականը:

Ֆրանսիացի քաղաքական գործիչն իր խոսքում բարձր է գնահատել նաև Հայաստանի և նրա իշխանությունների կողմից հարևանների հետ խաղաղություն ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն միտված հաստատակամ դիրքորոշումն ու քաղաքական խիզախությունը:

  • Կիսվել: