կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Այս ամենը թատրոն է, չեմ ընդունում ՀՔԾ-ի կասկածանքը. Սեյրան Օհանյան

Այս ամենը թատրոն է, չեմ ընդունում ՀՔԾ-ի կասկածանքը. Սեյրան Օհանյան

«ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն կառավարության որոշմամբ փոխանցվել է պաշտպանության նախարարությանը և հետո 2010-ին օտարվել, բնականաբար, ես և Պաշտպանության նախարարությունը այդտեղ որևէ շահագրգռվաություն չէինք կարող ունենալ, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 1-ի գործով դատական նիստի մեկնարկից առաջ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք երեկ ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ Սեյրան Օհանյանը «ՁորաՀԷԿ»-ի հայտնի քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: Այս քրեական գործով շոշափվում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անունը, որը սակայն որևէ կարգավիճակ չունի, բայց հայտնի է, որ վերջերս հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության:

Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ ամեն ինչ արվել է ՀՀ կառավարության որոշմամբ: «Կառավարության որոշմամբ փոխանցվել է, կառավարության որոշմամբ օտարվել է: Իսկ կառավարության որոշումները, գիտեք, անցնում են միջգերատեսչական ստուգում և ստանում բոլոր մարմինների համաձայնությունը: Ֆորմալ մասը սա է: Իսկ օտարման հիմնական գործընթացը, որպես մասնագիտական գերատեսչություն, իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը: Ավելին, նրանք են ընտրել գնորդ կողմին, նրանք են ընտրել գինը: Այն ժամանակվա օտարման գինը 10 մլն դոլար է արժեցել, այսօրվա կուրսով՝ 9.5 մլն դոլար: Այսինքն՝ ՊՆ-ն որևէ շահագրգռվածություն չուներ», -ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Նա պնդեց, որ ՀՔԾ-ի մատնանշած կասկածանքը չի ընդունում, քանի որ իր հետ առնչություն չունի: Ավելին, ցուցմունք չի տվել այդ գործով:

«Այս ամբողջ տեղեկատվական թատրոնը կարծում եմ, թատրոն է, որովհետև ՀՔԾ-ն վերջին տարիների իր գործելաոճի շրջանակներում խախտում է նախաքննության գաղտնիությունը, որովհետև կասկածանքը դեռ պետք է ապացուցվի: Իրենք գիտեն գնորդ կողմին, քանի անգամ է վերավաճառվել, ինչ գներ են տրվել, ամեն մանրամասներ գիտեն», -նշեց Օհանյանը:
Նա նկատեց, որ չի կարող ասել՝ ինչ նպատակներ է հետապնդում նախաքննական մարմինը բայց կասկածներ հայտնեց, որ հնարավոր է՝ մինչև ապրիլի 5-ը ևս մի քանի նման կասկածներ իր անձի շուրջ շրջանառվեն:


Chat conversation end
Type a message...

  • Կիսվել: