շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հայելային հետքաշում» ասածը մերկապարանոց, անիմաստ խոսակցություն է. Սեյրան Օհանյան

«Հայելային հետքաշում» ասածը մերկապարանոց, անիմաստ խոսակցություն է. Սեյրան Օհանյան

«Հայելային հետքաշում» ասածը մերկապարանոց, անիմաստ խոսակցություն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, մենք արդեն մեկ անգամ կառավարության ղեկավարի բանավոր ցուցմամբ պատերազմական գործողությունները կանգնելուց հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում։ 

Դրանից հետո հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, սադրանքներ կազմակերպվեց և մխրճվեց մեր տարածք։ Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, որտեղ, ամբողջ սահմանով մեկ, թե այն հատվածում, որտեղ հակառակորդը մխրճվել է։ Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնեն մերոնք», - ասաց Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով ԱԳ նախարարի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ի հետ ՀՀ-ն քաղաքական գործընթացներ է իրականացնում, Սեյրան Օհանյանն ասաց.

«Լավ կլիներ, որ ինքը պարզ բացատրեր, որ մենք բանակցում ենք ՀԱՊԿ-ի բոլոր երկրների, ՀԱՊԿ-ի քաղաքական ղեկավարության, ռազմական կոմիտեի հետ, որոնք միջազգային բոլոր կազմակերպությունների հետ պետք է աշխատեն և ստիպեն Ադրբեջանին՝ հետ քաշվելու։ Այդ է մեր այսօրվա աշխատանքը։ Եվ եթե չստիպեն հետ քաշվել, ապա մենք ստիպված ենք լինելու նաև գործադրել ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչը՝ ՀՀ Զինված ուժերի հետ մեկտեղ։ Այդ խոսակցություններն օդի մեջ խոսակցություններ են։ Սահմանագծման և սահմանազատման համար թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների, ստեղծվի հարևան պետությունների կառավարությունների խառը հանձնաժողով և տարվի համապատասխան աշխատանք»։

Օհանյանն ասաց, թե այդ հանձնաժողովը պետք է ամբողջությամբ վեր հանի խորհրդային ժամանակահատվածում գոյություն ունեցող իրավապայմանագրային ամբողջ փաթեթը։

«Միայն լիարժեք և խորաթափանց քննարկումներից հետո կարելի է որոշել, թե որտեղով և ինչպես պետք է անցնի այդ սահմանը։ Իսկ այս պարագայում հայելային հետքաշում ասածն, իմ համար, մերկապարանոց, անիմաստ խոսակցություն է», - ասաց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հայկական կողմը բազմիցս նշել է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը:

  • Կիսվել: