երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Այս բառամթերքով, այս մուննաթով խոսելու իրավունք չունեք. թեժ քննարկում խորհրդարանում

Այս բառամթերքով, այս մուննաթով խոսելու իրավունք չունեք. թեժ քննարկում խորհրդարանում

Խորհրդարանում այսօր կրքերը թեժ էին: «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան  Ուրիխանյանն ասաց, որ իր խորհրդարանական գործունեության պատմության ընթացքում սա չորրորդ կառավարությունն է, որի օրոք բարձրացնում է թոշակառուների՝  մշտնջենական և պրոբլեմատիկ հարցը։

Հիշեցնենք, որ այս նախագծին ևս Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել՝ այն պատճառաբանությամբ, որ հաշվարկելը դժվար է լինելու։

Տիգրան Ուրիխանյանը հիշեցնեԼով վարչապետի հայտարարությունները, թե բյուջեի մուտքերն ավելանում են, որ կա փող, բայց ծախսելու տեղը հայտնի չէ, կամ  հայտարարում են՝ կա տնտեսական աճ, եթե երկրի գործերը գնալով լավանում են, ապա որտեղ ուղղել այդ լրացուցիչ միջոցները, եթե ոչ թոշակառուներին։

«Եթե ՀՀ քաղաքացին իր միաբան ոգով 1,5 տարի առաջ փողոց դուրս գալով իր կյանքում որակ փոխելու նպատակով չստանա այն, ինչի համար մատուցեց Ձեզ սկուտեղի վրա իշխանություն, ապա դրանով կոտրելու եք 800 հազար աղքատների այն միաբան հոգու ճրագը, որը վառվեց 1,5 տարի առաջ»,- ասաց  Տիգրան Ուրիխանյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Պարոն Ուրիխանյան, էդ Ձեր մասնավոր դիտարկումն ա՞, որ մեզ սկուտեղի վրա իշխանություն ա մատուցվել»։

Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Իմ պաթոսի մասին այստեղ Ձեզ հայտնի տարբեր մարդկանց տարբեր մարմնի մասեր հատելու սպառնալիքներով հանդես եկող «հանրաճանաչ գործիչներ» նույնիսկ չեն կարողացել մեկնաբանել: Խնդրում եմ կոռեկտություն պահպանեք: Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, այո, պետք է ջանալ հաշվել: Պարոն Միրզոյան, այո, ժողովուրդը ձեզ մատուցեց իշխանությունը»:

ԲՀԿ-ական պատգամավորին կոռեկտության կոչ արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ եթե նախորդ գումարման Ազգային ժողովում նա իրավունք է ունեցել այդ կերպ խոսելու, ապա այս Ազգային ժողովում որևէ կերպ այդ իրավունքը Ուրիխանյանը չունի։ «Այս բառամթերքով, այս տոնայնությամբ, այս մուննաթով  խոսելու իրավունք չունեք։ Գոնե այս Ազգային ժողովը 70 տոկոս վստահության քվե է ստացել՝ կասկածի տակ չդրված ընտրություններում: Կարծում եմ՝ ժամանակն է վերջ տալ այդ պոպուլիստական հայտարարություններին»,- վրդովված ասաց Գայանե Աբրահամյանը։

 

 

 

  • Կիսվել: