ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այն ուժերը, որոնք տարիներ շարունակ պայքարել են ռոբասերժական կլանի դեմ, պետք է միավորվեն (տեսանյութ)

Այն ուժերը, որոնք տարիներ շարունակ պայքարել են ռոբասերժական կլանի դեմ, պետք է միավորվեն (տեսանյութ)

Երկու օր առաջ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց, որով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին, նաև վարչապետին հրավիրում է քննարկման՝ երկրում առկա ճգնաժամը հաղթահարելու և ուղիներ գտնելու համար։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամություն են հայտնել մասնակցել այդ քննարկմանը, իսկ «Հայրենիքի փրկության շարժումը» պայման է դրել։ Նրանք ասում են, որ եթե մի սեղանի շուրջ իրենց հետ պետք է լինի Փաշինյանը, ապա նրան այդ հաճույքը չեն պարգևի։

Արդյոք հավանակա՞ն եք համարում կոնսենսուս այս իրավիճակում․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց․ «Այն, որ Հայաստանում կոնսենսուս չկա՝ և՛ քաղաքական դաշտը, և՛ հասարակությունը ատոմացված վիճակում են գտնվում, ակնհայտ է։ Այսպես անընդհատ չի կարող շարունակվել, և ակնհայտ է, որ ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծում է պահանջում, որովհետև որքան շարունակվում է, այնքան ավելի ծանր իրավիճակում է հայտնվում Հայաստանը։

Ուստի, կարծում եմ՝ այդ քննարկումները պետք են, սակայն դրանք պետք է լինեն մեկ հարցի շուրջ, թե երբ է իր վարչապետական լիազորությունները վայր դնելու Նիկոլ Փաշինյանը, և ինչպես է դրանից հետո կառավարվելու երկիրը։ Այսինքն՝ կլինեն արտահերթ ընտրություններ, թե կլինի ժամանակավոր ազգային համաձայնության կառավարություն, որը ինչ-որ քայլեր կատարելուց հետո կգնա արտահերթ ընտրությունների։ Աշխարհում չկա մի երկիր, որտեղ նմանատիպ պրոցեսից հետո, այսինքն՝ պատերազմում նման խայտառակ պարտությունից հետո քաղաքական պրոցեսները չեռան և այդ նոր իրավիճակին համապատասխան լուծումներ չլինեն։ Հայաստանն այն եզակի երկրներից է, որ մինչև հիմա արտահերթ ընտրություններ չեն եղել, իշխանափոխություն չի եղել, և դա, իհարկե, շատ վատ է»։

 

  • Կիսվել: