շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այն խաղաղությունը, որն առաջարկում է Ալիևը, նշանակում է խաղաղությամբ հանգչել. Խաչատրյան

Այն խաղաղությունը, որն առաջարկում է Ալիևը, նշանակում է խաղաղությամբ հանգչել. Խաչատրյան

Այն խաղաղությունը, որը Հայաստանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է առաջարկում` խաղաղությամբ հանգչել է նշանակում։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված առաջարկներին։
 
Խաչատրյանը վստահ է` այդ առաջարկները չեն կարող 2 հայկական պետություններին և հայ ազգին խաղաղ ապագա, բարեկեցիկ կյանք, ազգային իղձերի ու տեսլականի իրականցում բերել։
 
«Դա կբերի խաղաղությամբ հանգչելուն։ Կլինենք աշխարհի ետնաբեմում ինչ-որ փոքր երկիր, որը քարտեզի վրա գուցե լինի, սակայն կլինի միջազգային քաղաքականության ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ։ Ինչքան էլ ասես հալվա, բերանդ չի քաղցրանա։ Խաղաղություն ապահովում են սեփական բանակով ճկուն դիվանագիտությամբ։ Սակայն բանակը զարգացնելու փոխարեն այս իշխանությունը ոստիկանություն է զարգացնում»,–ասաց Խաչատրյանը։
Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Հայաստանի դիվանագիտությունը որևէ հաջողություն չի գրանցել. վերջին երկու տարվա ընթացքում անհամեմատելի է, թե քանի ռազմավարական փաստաթուղթ է ստորագրել այլ երկրների հետ թշնամին և քանիսն է ստորագրել Հայաստանը։
 
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը, որ Բաքուն առաջարկում է «խաղաղության պայմանագրում» ներառել ազգային փոքրամասնությունների մասին դրույթ, Խաչատրյանը նշեց, որ ստորագրվելու պարագայում մի քանի տարի հետո շատ հավանական է` ադրբեջանցիները վերադառնան Մասիս, Վայք և այլն։
 
«Մենք որ ասում ենք` Ադրբեջանը իր արյան ծարավը միայն Արցախով չի հագեցնելու, սա դրա ապացույցն է։ Իրենք կպահանջեն փախստականների վերադարձ, ռեպարացիաներ։ Կտեսնենք` Ադրբեջանը մեզ հաշիվ կներկայացնի, որը տասնապատիկ ավելի մեծ կլինի, քան մեր ՀՆԱ–ն, կամ արտաքին պարտքը»,–ասաց նա։
Ստեղծված իրավիճակում Խաչատրյանը կարծում է, որ ավելի լավ է` որևէ փաստաթուղթ չլինի և հայկական դիվանագիտությունը փորձի խուսափել որևէ թուղթ ստորագրելուց, որովհետև այդ թուղթը ոչ թե կլինի կադաստրի, այլ մահվան վկայական մեր պետականության համար։
 
 

  • Կիսվել: