երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Այդ 148 մլն դոլարը պետք է մտներ պետբյուջե, չմտավ, Վազգեն Սարգսյանը փորձեց պարզել, բայց հետո եղավ հոկտեմբերի 27-ը»

«Այդ 148 մլն դոլարը պետք է մտներ պետբյուջե, չմտավ, Վազգեն Սարգսյանը փորձեց պարզել, բայց հետո եղավ հոկտեմբերի 27-ը»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն» այսօր քննարկում էր կազմակերպել «Մասնավորեցումը եւ օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին» հետազոտության շուրջ: Այս հետազոտությունը վերաբերում է վերջին 20 տարիներին կատարված խոշոր գործարքներին, գրում է Aravot.am-ը։

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, որը մասնակցում էր այս քննարկման որոշ օբյեկտների մասնավորեցմանն անդրադարձավ, նշելով՝ նախկին իշխանությունները խայտառակ գործարքներ են կատարել: Պարոն Խաչատրյանն օրինակ բերեց Մարիոթ Արմենիա հյուրանոցի օտարման գործընթացը. «Այն փաստաթղթերը, որոնք ինձ մոտ են, եթե չալարեմ, տամ քննչական մարմիններին, իսկ դրանք պաշտոնական փաստաթղթեր են, պետք է գործ հարուցեն: Հյուրանոցի մասնավորեցումն անհասկանալի, ոչ թափանցիկ ձեւով է եղել ,ոչ հրապարակային՝ ինչպես ստացվեց, ովքեր սեփականատեր դարձան, ոչ ոք չիմացավ»:

Էներգետիկ ոլորտի օբյեկտների մասնավորեցումը տնտեսագետը եւս խնդրահարույց եւ կոռուպցիոն գործարք է համարում: Այդ բոլոր գործընթացները խայտառակություն էին իրենց թափանցիկությամբ, բովանդակությամբ եւ նաեւ արդյունքներով, որի տուժողը ՀՀ քաղաքացիներն են: Երբ ասում եք, որ պետք է մեծացնել ԱԺ-ի եւ վերահսկողական կառույցների կարողությունները, դրանք եղել են, ուղղակի ցանկություն չի եղել աշխատելու մինչեւ 2018 թվականը: Ո՞վ կարող էր արգելել Արմենտելի մասնավորեցումը, երբ Ռոբերտ Քոչարյանը մի գիշերում մասնավորեցրեց: 1997-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ, հետո կառավարությունների միջեւ պայմանավորվածություն եղավ, որ Հայգազը, որ հետո Հայգազարդ դարձավ, հետո՝ Հայռուսգազարդ, պետք է մասնավորեցվեր՝ 45% բաժնետոմսերը ՌԴ կառավարությանը, 10%-ը՝ Իտերային, 45%-ը՝ ՀՀ կառավարությանը: Այնտեղ՝ մի կետ կար, ուրեմն՝ 45% -ը ՌԴ-ն պետք է փոխանցեր մատակարարվող գազով, որի արժեքը 148 մլն դոլար էր, նախնական պայմանավորվածությունն այս էր ու 148 մլն դոլարը պետք է մտներ պետբյուջե:

Այդ գումարը չկա, մինչեւ հիմա չկա, որտե՞ղ է, ո՞վ է վերցրել, պարզ չէ: Վազգեն Սարգսյանը, երբ 1999-ին վարչապետ էր, փորձեց էդպիսի մի հանձնաժողով ստեղծել, բայց հետո կորավ, այսինքն կորավ, որովհետեւ հետո եղավ հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը… ու վերջ: Հիմա էլ շարունակվում են անորոշությունները: Որոտանի ՀԷԿ-ը՝ խոսակցությունները, թե ամերիկյան, ռուսական ներդրում, որեւէ նշանակություն չունի: Որոտանի ՀԷԿ-ի մասնավորեցման ամբողջ պատմությունը ամերիկյան կողմի պահվածքի արդյունք է: Նախ` գնորդն ամերիկյան օվշորում էր գրանցված, իսկ ՀՀ-ում գրանցված էր հայտնի փեսայի գրասենյակում՝ 2-րդ կողմն այդ գործարքի: Որեւէ գումար դրսից չի եկել, գույքը գրավ դրվեց ՀՀ բանկերում՝ երկու տարում 180 մլն տվեցին»:

Այսինքն, ինչպես պարոն Խաչատրյանն ասաց, այնպիսի ընկերություն չէ, որը էներգետիկ ոլորտում փորձ ունեցող ու հայտնի կազմակերպություն էր, որը տեխնիկապես հագեցած էր ու կարող է Որոտանը դարձնել գերժամանակակից կայան. «Ու այնքան էին շտապում, որ 3 ջրամբարներն էին մասնավորեցրել, որը մեր օրենսդրությամբ մասնավորեցման ենթակա չէին: ՁորաՀԷԿ-ը, մարզահամերգային համալիրը եւս խնդրահարույց են, սրանք ՊՆ-ի հաշվեկշռում էին: Ուրեմն պաշտպանության նախկին նախարարը, որը հետո դարձավ երկրի ղեկավար, երեւի շատ է ուսումնասիրել Եգիպտոսի ՊՆ-ի փորձը, որովհետեւ այն պետություն է պետության մեջ, ունի իր սեփականությունը, գյուղատնտեսական տարածքներ, արտարդրություն, ու պատահական չէ, որ պաշտպանության նախարարներն են հեղաշրջում անում»:

  • Կիսվել: