«Ավինյան, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա–տրուսիկ տպող». Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան Թալինում նախընտրական հանդիպման ընթացքում կոշտ քննադատության է ենթարկել իշխանություններին և հատկապես Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ անդրադառնալով վերջինիս մասնակցությամբ հրապարակված շապիկների պատմությանը, որոնց վրա տպագրված էին իր և գործարար Սամվել Կարապետյանի սխալ արտասանված բառերը։
Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն հանգամանքը, որ Տիգրան Ավինյանը շապիկ է տպագրել այդ արտահայտություններով, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիացմունքով է արձագանքել դրան, ԲՀԿ առաջնորդը պատասխանել է բավական կոշտ ձևակերպումներով։
«Մեր այսօր հիմնականում քաղաքապետը, որ իմանա՝ ինքը քաղաքապետ է, ոչ թե մայկա-տրուսիկ տպող, որ հաճոյանա վարչապետին։ Պետին հաճոյանալու փոխարեն Ավինյանը պետք է հաճոյանա երևանցիներին։ Այսքան ժամանակ նա պետք է կառուցեր մետրոյի կայաններ, թունելներ, ճանապարհներ, Երևանում օդը մաքուր դարձներ», — հայտարարել է Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ մայրաքաղաքում առողջապահական խնդիրների զգալի մասը պայմանավորված է հենց շրջակա միջավայրի և օդի աղտոտվածության հետ։
«Այսօր ամենամեծ քանակով հիվանդությունները, քաղցկեղային հիվանդությունները Երևան քաղաքում են։ Պետք է օդը մաքրել, ոչ թե տռուսիկ-մայկա տպել, որ Նիկոլ Փաշինյանը ասի՝ հալալ է», — նշել է նա։
Գագիկ Ծառուկյանը նաև ընդգծել է, որ ինքը և Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ ներդրումներ են կատարել երկրի զարգացման համար և, իր խոսքով, «ազգի պատիվը բարձր են պահել»։
«Ես ու Սամվել Կարապետյանը մեր երկրի համար ներդրումներ ենք արել, ազգի պատիվը բարձր ենք պահել։ Մեզ պետք չէ քննադատել տառասխալի համար։ Ես կարող եմ ասել, որ իրենք նույնիսկ տառերը չգիտեն, անգիր արած խոսում են», — ասել է նա։
ԲՀԿ առաջնորդը իշխանություններին մեղադրել է նաև պետական կարևոր փաստաթղթեր ստորագրելու մեջ, որոնք, իր համոզմամբ, վնասել են Հայաստանի շահերը։
«Եթե իրենք տիրապետեին հիմնական նախադասություններին ու հասկանալով գործեին, այսքան փաստաթուղթ չէին ստորագրի՝ ի վնաս մեր երկրի ու ժողովրդի։ Ցանկացած ստորագրած փաստաթուղթ վնաս է եղել պետության համար», — նշել է Ծառուկյանը։
Նա հիշեցրել է նաև 2018 թվականին իշխանության եկած թիմի նախկին հայտարարությունները Արցախի վերաբերյալ։
«Երբ նոր էին եկել իշխանության, ասում էին՝ «Արցախը Հայաստան է և վերջն։ Կարճ ժամանակ անց հայտարարեցին՝ «Արցախը Ադրբեջան է և վերջն», — ասել է նա։
Այնուհետև ԲՀԿ առաջնորդը հնչեցրել է առավել կոշտ քաղաքական գնահատական։
«Եթե այսպես շարունակվեց ու փոփոխություն չեղավ, մի տարի հետո հայտարարելու են՝ «Երևանը Էրիվան է և վերջն», — նշել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար օգտագործում է «Էրիվան» և «Գյոկչա» անվանումները։
«Մի տարի հետո ասելու են՝ Սևան չի եղել, Գյոկչա է և վերջ։ Սա է իրենց արածը՝ միայն խոսել, մեկը մյուսին հերթ չտալով», — հայտարարել է նա։
Ծառուկյանը նաև հարցադրում է արել իշխանության ներկայացուցիչների կենսագրության և փորձառության վերաբերյալ։
«Ես ուզում եմ, որ մեկը մեկին հերթ չտվողները ներկայացնեն՝ մինչև պաշտոնի հասնելը իրական կյանքում ի՞նչ են արել իրենց երկրի համար, իրենց ընտանիքի համար։ Քարը քարին դրե՞լ են, թե՞ ոչ», — ասել է նա։
Ելույթի ավարտին ԲՀԿ առաջնորդը կրկին շեշտել է, որ իր հիմնական նպատակը ժողովրդի բարեկեցությունն ու երկրի կայուն զարգացումն է։
«Իմ ուզածը մեկն է՝ ժողովուրդը լավ ապրի, մենք ունենանք երաշխավորված խաղաղություն, զարգացող տնտեսություն։ Մենք աշխատող ժողովուրդ ունենք, բոլոր պայմաններն էլ կան։ Պետք է պարզապես ճիշտ կառավարում, ճիշտ մարդիկ ու փորձ ունեցող ղեկավարներ։ Ժողովուրդը փորձադաշտ չէ», — եզրափակել է Գագիկ Ծառուկյանը։


