հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ավելացել են դատաբժշկական փորձաքննություններին ուղղվող ֆինանսական միջոցները. Անահիտ Ավանեսյան

Ավելացել են դատաբժշկական փորձաքննություններին ուղղվող ֆինանսական միջոցները. Անահիտ Ավանեսյան

Փոփոխվել է դատաբժշկական փորձաքննություններին ուղղվող ֆինանսական միջոցների հարաբերակցությունը: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ Ազգային ժողովում ներկայացնելով 2022 թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակում ներառված առողջապահության ոլորտի բյուջետային ծրագրերի նախնական հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը։

«Եթե 2021 թ. նախատեսված էր 449 մլն 905 հազար դրամ, հիմա փոխվել է 550 մլնի: Դա կապված է ինչպես դատաբժշկական գիտագործնական կենտրոնի վերազինման, այնպես էլ՝ ծառայությունների ավելացման հետ: Հասկանալի պատճառներով վերջին կես տարում կենտրոնն աշխատել է գերլարված ռեժիմով»,- ասել է Ավանեսյանը։

Ավանեսյանը նաև հայտարարել է, որ պատերազմական գործողություններից հետո կառավարությունը ողջ Հայաստանում արյան ծառայությունների մատուցման քարտեզագրում է իրականացրել: «Ունենք ողջ ծառայության համապարփակ նկարագիրը: Միջոցներ ենք նախատեսել, և հաջորդիվ կառավարությունը կհաստատի այս ծրագրից բխող վերանորոգումները, վերազինումները»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: Ավանեսյանի խոսքով՝ առաջիկայում ողջ հանրապետությունում արյան հավաքագրման կետեր կլինեն նաև մարզերում, որտեղ երբեք նման ծառայություն չի եղել:

  • Կիսվել: