Ասում եք՝ ինչու են այդքան շատ թիկնապահները, ասեմ՝ ինչու, այս դահլիճում հոկտեմբերի 27 է եղել, նոյեմբերի 9 է եղել, այս շենքի կողքերը շատերը փորձում էին սպանել ՀՀ ԱԺ նախագահին. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին
Շատ հետաքրքիր է, երբ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի կողմից այստեղ հնչում է մի արտահայտություն, երբ ինքն անընդհատ ասում է, որ չորս ամիս ուզում է պարոն Միրզոյանին հանդիպել, ԱԳՆ գնալ և ծանոթանալ փաստաթղթերին և չի ստացվում: Երբ հիմա իրեն հրավիրում են և ասում են՝ դե կկազմակերպենք, վարչապետն ասում է դե հանձնարական եմ տվել կգնաս կծանոթանաս, ասում է՝ չէ, չէ, չէ, ինչու գնամ ծանոթանամ:
ԱԺ արտահերթ նիստում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը Խամոյանի պահվածքն համեմատեց «Կարգին հաղորդման» մի դրվագի հետ. ««Կարգին հաղորդում» կար հին ու բարի, մի տղա, որ իր ընկերուհուն անընդհատ համոզում է, ասում է՝ ես քեզ սիրում եմ, արի հանդիպենք, արի հանդիպենք, մի օր այս աղջիկն ասում է, հա կհանդիպենք, բայց ոչ մեկի պետք է չպատմես, է ասում է ինձ պետք ա, որ ոչ մեկին պետք ա չպատմեմ, հիմա տիկին Խամոյանինն է, ասում են արի, ասում է՝ չէ, չէ, չէ:
Այսինքն, սա, ընդհանուր առմամբ, ամփոփում է հետևյալը՝ դուք խուսափում եք տեղեկատվություն իմանալուց, որովհետև տեղեկատվություն իմանալն առաջին հերթին պատասխանատվություն է, դուք վախենում եք այդ տեղեկատվությունն իմանալ: Հետո խոսում եք անվտանգությունից, ասում եք՝ այսքան թիկնապահներ, ՊՊԾ-ի մեր տղերքին եք ասում՝ ինչու են այդքան շատ և այլն, ասեմ՝ ինչու են այդքան շատ, այս դահլիճում հոկտեմբերի 27 է եղել, նոյեմբերի 9 է եղել, այս շենքի կողքերը շատերը փորձում էին սպանել ՀՀ ԱԺ նախագահին, դրա համար է անվտանգությունն ապահովված»:



