ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Ասում է՝ մի բանավիճի ապուշի հետ, նա իր փորձով քեզ կջախջախի». Քոչարյանը՝ Փաշինյանի բանավեճի հրավերի մասին

«Ասում է՝ մի բանավիճի ապուշի հետ, նա իր փորձով քեզ կջախջախի». Քոչարյանը՝ Փաշինյանի բանավեճի հրավերի մասին

Դա կարծում եմ՝ իրավիճակից դուրս գալու հնարք էր Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ պահին մի բան ասել, կռուտիտ անել, շուռ տալ, ինչ-որ մի ձևի պատասխան տալ, դա իր ոճն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ճիշտ չէր լինի ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ մասնակցել բանավեճին և վերջ դնել բոլոր մեղադրանքներին՝ կապված թե՛ բանակցային գրծընթացի, թե՛ Մեղրիի հետ:

«Եթե մարդ այդ ոճի մեջ արդեն շատ երկար տարիներ ապրում է, ամեն մի ասածի մեջ ինչ-որ բան փնտրել, հետևից գնալ, փորձել հասկանալ, թե ինչու է այդպես, անիմաստ է։ Այդ հայացքով եմ ես նայում նման կարգի իր հայտարարություններին։

Բանավեճի առարկա պետք է լինի։ Բանավեճի ռացիոնալ բացատրությունը հետևյալն է, կա մի հարց, որի վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ, նաև այդ հարցի իսկությունը ի հայտ բերելու համար իսկապես բանավեճը ինչ-որ ֆունկցիա է կատարում։ Հիմա այն թեման, ինչը ինքը որպես բանավեճ առաջարկում է, այստեղ վիճելու բան չկա ինձ համար։ Ես գնամ ի՞նչ ապացուցեմ։

Ես տեսնում եմ նաև բանավեճեր «Հ1»-ով, որտեղ իշխանական պատգամավորների համար այդ բանավեճի մասնակցության չափորոշիչը հետևյալն է, ես մեկ րոպեում քանի սուտ կարող եմ իրար հետևից ասել, որ հակառակորդը չհասցնի պատասխանել։ Այդ կարգի բանավեճի մասնակցելը ուղղակի ես անիմաստ եմ համարում ընդհանրապես։ Ունես կարծիք, հայտնի այդ կարծիքը։ Ես ունեմ կարծիք, ես ձեզ հավաքել եմ, այդ կարծիքը ասում եմ պարզ լեզվով։ Ի դեպ, բանավեճերի համար, եթե չեմ սխալվում, Մարկ Տվենը մի լավ բան ունի. ասում է՝ մի բանավեճիր ապուշի հետ, որովհետև ինքը իր փորձով քեզ ջախջախելու է»:

  • Կիսվել: