Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով․ ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:
Նախատեսում է այդ կարգավորումը կիրառել միայն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար: Առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում:
Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով: