հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աշխատանքի իմիտացիա եք անում, դուք չեք հայ ժողովրդի խնդիրների լուծողը, հիշեք դա. Արթուր Հովհաննիսյանն՝ ընդդիմությանը

Աշխատանքի իմիտացիա եք անում, դուք չեք հայ ժողովրդի խնդիրների լուծողը, հիշեք դա. Արթուր Հովհաննիսյանն՝ ընդդիմությանը

Հարգելի ընդդիմություն, ես ձեզ կոչ եմ անում կեղծ իրականությունից վերադառնալ մեր իրականություն և դադարեցնել կեղծ աշխատանքի իմիտացիան: Այս մասին ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Ինչի՞ մասին ենք մենք վաղ առավոտից խոսում ու բանավիճում, վատնում նաև ձեր ժամանակը: Ընդդիմությունը մեզանից պահանջում է բովանդակային քննարկում, ասում են, թե ծանոթ չեն մեր առաջարկներին, բայց ԱԺ կանոնակարգի համաձայն՝ նախագծերը նախ քննարկվում են մասնագիտական հանձնաժողովներում: Հենց մասնագիտական հանձնաժողովում կա հնարավորություն հնարավորինս դետալացված քննարկել ցանկացած օրենքի նախագծի դրույթ կամ տառ, ինչը հնարավոր չի անել  լիագումար նիստերի դահլիճում:

Այս հանգամանքը հաշվի առնելով մենք կարող ենք պնդել՝ քանի որ հանձնաժողովի նիստերի հանդիսատեսների քանակը այդքան էլ մեծ չէ, դրա համար էլ հանձնաժողովի նիստերի շոուների հանդիսատեսների քանակը մեծացնելու համար ընդդիմությունը փորձում է նախագծերը բերել և լիագումար նիստերի դահլիճում քննարկել, ինչն անթույլատրելի է: Մենք մեր հիմնավորումները հանգամանալի ներկայացնում ենք: Ձեր բարձրաձայնած խնդիրներին անդրադառնալու համար մի շարք հարթակներ կան, օրինակ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որին դուք չեք մասնակցում, քննիչ հանձնաժողով, որին չեք մասնակցում, մի շարք այլ ֆորմատները, որոնց չեք մասնակցում և աշխատանքի իմիտացիա եք ստեղծում, թե ժողովրդի համար փորձում եք լավ բան անել։ Բայց արի ու տես, որ ժողովուրդը շատ լավ գիտի, որ այն իրավիճակը, որ հիմա ստեղծված է՝ դուք եք ստեղծել ու դրա հիմքում դուք եք կանգնած: Դուք չեք հայ ժողովրդի խնդիրների լուծողը, հիշեք սա»:

  • Կիսվել: