Աշխարհում սկսվում է պարենային ճգնաժամ. Մեդվեդև
Աշխարհում պարենային ճգնաժամ է սկսվում։ Այս մասին այսօր ՛՛Ռոսիյսկայա գազետա՛՛-ում հրապարակված հոդվածում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նա նշել է, որ սննդամթերքի գներն ամենուր աճում են, արագանում է գնաճը։ ՛՛Ակնհայտ է, որ աշխարհում պարենային ճգնաժամ է սկսվում՛՛,-ասել է Մեդվեդևը։
Ըստ նրա՝ այս պահին ոչ ոք չի կարող կանխատեսումներ անել, թե ինչպես է հնարավոր հաղթահարել համաշխարհային տնտեսության անկումը։ Նրա խոսքով` այն, ինչ հիմա տեղի է ունենում համաշխարհային տնտեսության մեջ, շատ ավելի լուրջ է, քան 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամը։
Մեդվեդևը հավելել է, որ գլոբալ անկման հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ է արդյունավետ քաղաքականություն՝ ուղղված տնտեսության վերականգնմանը և գնային կայունության պահպանմանը:
Նա նշել է. ՛՛Որոշ երկրներում արդեն պարտքի բարձր մակարդակը և գնաճի աննախադեպ տեմպերը նոր մարտահրավերներ են։ Շատ բան կախված կլինի նաև արտաքին առևտրաշրջանառության վերսկսման տեմպից, հատկապես ծառայությունների արտահանման-ներմուծման առումով՛՛։
Համաշխարհային տնտեսության վրա, ըստ Մեդվեդևի, ազդում են բնակչության պատվաստման տեմպերը և կորոնավիրուսի նոր շտամների առաջացման վտանգը: Բայց համաշխարհային տնտեսության վրա ազդեցության հարցում Մեդվեդևն առանձնացրել է քաղաքական բնույթի գործոնները, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության քաղաքական կամքը։