շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Ասել, որ ամենաբացասական սցենարները տեղի ունեցան Բրյուսելում՝ ոչ. Արամ Վարդեւանյան

Ասել, որ ամենաբացասական սցենարները տեղի ունեցան Բրյուսելում՝ ոչ. Արամ Վարդեւանյան

 Այն մի քանի մասշտաբային թերություն ունի։ Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած հանդիպումից հետո տարածված հայտարարությանը․ «Առաջին, դուք տեսնում եք, որ այնտեղ Արցախ բառը հիշատակված չէ: Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ իշխանությունները խոսում են հումանիտար աղետի մասին Արցախում եւ դրանից հետո ոչ մի բառ չի հիշատակվում հայտարարության մեջ: Ո՞նց չի խոսվում այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունը էթնիկ զտման քաղաքականություն է Արցախում: Այսինքն ՀՀ-ն դա չի պաշտպանել: Եթե Հայաստանը պնդեր, չէր կարող դա հայտարարությունում չլիներ:

Երկրորդ, խոսվում է դեմարկացիա, դելիմիտիացիայի մասին. եթե մենք ունենք Արցախում այն իրավիճակը, որ ունենք, ինչո՞վ է պայմանավորված, որ խոսում ենք դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին: Այսինքն գնում ես դեմարկացիա անես մի երկրի հետ, որը էթնիկ  զտման քաղաքականություն է իրականացնում, որը գազ է անջատում, զինված գործողություններ է անում:

Երրորդը, այդ հայտարարությունում չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին ոչ մի բան»,-հայտարարեց Վարդեւանյանը:

Նա նշեց, որ այս հայտարարությունում ինքը դրական բան չի տեսնում, մեծ անհանգստության առիթ է տեսնում:

Վարդեւանյանն օրինակ բերեց՝ նշելով. «Ասենք, մեկն ուզում է վաճառել իր բնակարանը: Եթե մյուս կողմը, որը պետք է գա վճարի, գալիս ձեր դուռն է ջարդում, պատուհանն է ջարդում, գալիս ահաբելում է ձեր ընտանիքին, դուք շարունակելո՞ւ եք նրա հետ բանակցությունները:

Այս խայտառակ իրավիճակի այլընտրանքը պատերազմը չի: Չի կարելի Հայաստանի ներսում էլ վախեցնելու քաղաքականություն վարել: Պատերազմի առկայության կամ հնարավորության հանգամանքները չի նշանակում, որ պետք է գնաս քեզ կզած պահես, այդպես չի»,-հայտարարեց Վարդեւանյանը:

Նա նաեւ նկատեց, որ ՀՀ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից:

 

  • Կիսվել: