չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արյունարբու ոսոխը թշնամության սերմեր է ցանել հայի հողում ու, ցավոք, այսօր առատ բերք է հավաքում․ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան

Արյունարբու ոսոխը թշնամության սերմեր է ցանել հայի հողում ու, ցավոք, այսօր առատ բերք է հավաքում․ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Առաքելահաստատ մեր Մայր Եկեղեցու սիրասո՛ւն զավակներ, Հավիտյանս օրհնյալ և փառավորյալ Տեր Հիսուս Քրիստոսի թույլատու կամքով Հայոց աշխարհն ու հայ ժողովուրդն այսօր անցնում է մի լրջագույն փորձության բովով, որը հաղթահարելու և որից ավելի մաքրված ու թրծված դուրս գալու համար մեզնից հստակ ջանքեր ու գործելու հաստատակամություն է պահանջվում: Անկեղծ լինելով ձեզ հետ՝ ասեմ, որ այս փորձության ժամանակ ի հայտ եկած բացահայտումներն ինձ համար տհաճների և ցավալիների շարքից էին, քանի որ, ցավոք, պարզ դարձավ, որ մեզ համար կենսական նշանակություն ունեցող ազգային արժեքները՝ ազգ, հայրենիք, եկեղեցի, բանակ, լեզու, մեր բազմաթիվ հայրենակիցների համար այլևս այնքան էլ արժեքավոր չեն, որպիսին պիտի լինեին հային հայ պահելու համար:

Պարզվեց, որ հայի պայծառ ու հեռատես միտքը խավարել է, սթափ դատելու կարողությունն ու աչալրջությունը բթացել: Մեծ ու սիրող սիրտը սեղմվել-նեղացել է այնպես, որ միայն սեփական «ես»-ն է այնտեղ տեղավորվում այլևս: Վեհ ու քաջ, միաբան ոգին իր տեղը զիջել է փոքրոգությանն ու մանրախնդրությանը: Արյունարբու ոսոխը թշնամության սերմեր է ցանել հայի հողում ու, ցավոք, այսօր առատ բերք է հավաքում:
 

Նա փորձում է ջլատել հայի միասնական բռունցքը, ոչնչացնել հանուն հայրենիքի ու հանուն ազգայինի պայքարող առյուծասիրտ հայի տեսակը՝ նրան դարձնելով անտարբեր, վախկոտ ու թուլակամ, արարող ու ստեղծագործող հայից նրան վերածել անդեմ սպառողի: Սա խավարի իշխանի ձեռագիրն է. անել ամեն ինչ՝ պղծելու սրբությունը, խորտակելու զորեղը, մասնատելու միասնականը, արժեզրկելու արժեքավորը, ժխտելու ակնհայտը, մերժելու վեհն ու աստվածայինը և տարածելու ամեն ախտավորը՝ թշնամանք, ատելություն, հպարտություն, նախանձ, ամբարտավանություն, անտարբերություն, շահամոլություն, պառակտում… Եվ հայ ժողովրդի, ինչպես և համայն մարդկության պարագայում սա հնարավոր եղավ, քանի որ մարդը մոռացավ իր աստվածային ծագումը՝ ցածրն ու կենդանականը նախընտրելով վեհ աստվածայինից: Նա պատվիրանազանցությամբ ջնջեց Արարչի պատկերն իր հոգուց: Սուտն ու կեղծիքը նախընտրեց ճշմարտությունից ու արդարությունից: Խավարի գործերը նրան ավելի հաճելի եղան, քան դրանք բացահայտող լույսը: Մարդ հասկացությունը կորցրեց մեծատառով գրվելու իրավունքը: Նա դյուրությամբ խաբվեց ու գլորվեց իր բարձունքից՝ մոռանալով, որ Եդեմը երկնքում է: Մարդը չպայքարեց իր բարձրագույն դիրքի համար, որովհետև Մարդ մնալը դժվար է»։

  • Կիսվել: