շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արթուր Խաչատրյանը շնորհավորեց կառավարության նիստերին չհետևող ՀՌՀ թեկնածուին

Արթուր Խաչատրյանը շնորհավորեց կառավարության նիստերին չհետևող ՀՌՀ թեկնածուին

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, թե կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ուսուցիչը ուզում է դառնալ պարեկ:

«Դա ներկայացվեց որպես դրական երևույթ, մշակույթը մի կողմ, ճաշակը մի կողմ, բայց արժեքային համակարգի խնդիր է, արդյոք այդ արժեքային համակարգի հետ ձեր արժեքային համակարգը համընկնում է», - ՀՌԱՀ թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը:

Արթուր Մանուկյանն էլ նշեց, որ լավ չի հասկանում՝ ով է ուզում դառնալ պարեկ:

«Իսկապես, չեմ հասկանում, ուսուցիչը մեծ կոչում է, նվիրում է, պարեկն ուրիշ գործառույթ է, դրանք տարբեր բաներ են, իսկապես, չեմ հասկանում՝ ինչ եք ասում», - արձագանքեց ՀՌԱՀ թեկնածուն:

Արթուր Խաչատրյանն էլ ասաց, թե Արթուր Մանուկյանը, հավանաբար, չի հետևում կառավարության նիստերին:

«Շնորհավորում եմ, ձեր նյարդերը չեն քայքայվի, ավելի երկար ու երջանիկ կապրեք», - ասաց Խաչատրյանն ու կրկին կրկնեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

ՀՌՀ թեկնածու Արթուր Մանուկյանն էլ նշեց, թե ցանկացած մեկը, ով ուզում է դառնալ պարեկ, ուրեմն պետք է դառնա պարեկ:

«Որովհետև, եթե ուսուցիչն ուզում է դառնալ պարեկ, ուրեմն ինքն ուսուցիչ չի ծնվել, սխալ տեղ է եկել», - հայտարարեց ՔՊ-ական նախկին պատգամավոը:

  • Կիսվել: