Արտասովոր, անթույլատրելի բան է տեղի ունեցել. հետևանքներ, բնականաբար, կլինեն. Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ-ականների միջադեպի մասին
Արտասովոր, անթույլատրելի բան է տեղի ունեցել։ Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
Հարցին, թե արդյո՞ք խմբակցությունում քննարկել են Արգիշտի Քյարամյանի հարցը, նա նկատեց․ «Սա թագավորություն չէ, որ թագավորն ասի՝ սրան բանտ նետեք, սրա գլուխը կտրեք. այդպես չի լինում։ Սա պետություն է, կուսակցություն գոյություն ունի։ Հետևանքներ, բնական է, կլինեն»։
Սիմոնյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագրում» թևեր չկան, կա մի թև՝ Նիկոլ Փաշինյանի թևն է։
«Մեկ անձի կուսակցություն չէ, մեր առաջնորդին սատարող խմբակցության պատկեր է, դրա մեջ որևէ տարօրինակ բան չկա։ Եթե այդպես չլիներ, մենք կունենայինք վարչապետի այլ թեկնածու»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը, որ տպավորություն, որ իշխանությունը խնայում է Արգիշտի Քյարամյանին, ի տարբերություն Գրիգոր Մինասյանի, արդյոք մտավախությունն այն չէ, որ Քյարամյանը կարող է ավելի շատ ինֆորմացիայով բացվել, ԱԺ նախագահն ասաց. «Ես չեմ կարծում՝ մեր թիմն այնպես է աշխատել, որ նման մտավախություն լինի: Օրինակ, Ալեն Սիմոնյանի հետ կապված ինչ-որ բան եղավ եւ ոչ պարոն Քյարամյանը, ոչ մնացած իրավապահները, ոչ դատարանը չհապաղեց որեւէ գործողություն անելուց: Դա խոսում է այն մասին, որ նման մտավախություն չկա:
Ինչ վերաբերում է խնայել-չխնայելում, ԱԺ-ն ՔՊ-ի իշխանության մի կարեւոր թեւ է:»:
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ եթե ինքը դահլիճում լիներ այդ ժամանակ, նման իրավիճակ տեղի չէր ունենա. «Ընդդիմությունը վերջին ընտրությունների ժամանակ եկավ էստեղ փրթենք-թափենք, գնդակահարենք տրմաբանությամբ, բայց կարողացանք հետները համագործակցել: Ճիշտ է, ես էլ եմ հաճախ ունենում էմոցիոնալ պորթկումներ, բայց կարծում եմ, որ որպես ԱԺ նախագահ վատ չեմ իրականացնում իմ աշխատանքը»,- ասաց նա։