շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առողջապահության նախարարությունը պատրաստվում է վատագույն սցենարներին. փոխնախարար

Առողջապահության նախարարությունը պատրաստվում է վատագույն սցենարներին. փոխնախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում 7 նոր բժշկական կենտրոններ վերջին մեկ ամսով ամբողջապես համալրվել են բժիշկներով, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ արդյոք բուժաշխատողներին միանալու կոչին շատ են քաղաքացիները, որոնք հետևել են պարետի ու նախարարի կոչին միանալ ու օգնել բուժհիմնարկների բուժանձնակազմին։
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում էր «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։

«Բժշկական անձնակազմի գերբեռնված աշխատանքը թեթևացնելու և այդ հերթափոխերը ապահովելու, լրացուցիչ ռեզերվ ունենալու համար շարունակում ենք ընդունել հայտեր»,- ասաց փոխնախարարը։
Պաշտոնյան ասաց, որ ներկայացված նախագծերում կատարվող փոփոխությունը հենց այդ մասին է՝ ավարտական կուրսի ուսանողներն էլ հնարավորություն ստանան արագ վերապատրաստման դասեր անցնելու ու իրավունք ունենան ներգրավվելու աշխատանքներին։

Ինչ վերաբերում է վարակվածության պիկին, Ավանեսյանն ասաց, որ, ցավոք, շատ բարդ է կանխատեսում անել ու հավելեց․ «Պատրաստվում ենք վատագույն սցենարների՝ հույս ունենալով, որ չենք ունենա այդ սցենարները: Ամեն ինչ պետք է արվի պատրաստ լինելու համար: Բոլոր մեր ռեսուրսները մոբիլիզացվում են, որ եթե հանկարծ ունենանք թվերի ավելացում, պատրաստ լինենք մեր քաղաքացիներին համապատասխան բժշկական օգնություն տրամադրելու»։

  • Կիսվել: