երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Առնվազն վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանը ԵԱՏՄ-ում բազմաթիվ դրվագներով շատ էֆեկտիվ է գործել․ Վաղարշակ Հակոբյան

Առնվազն վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանը ԵԱՏՄ-ում բազմաթիվ դրվագներով շատ էֆեկտիվ է գործել․ Վաղարշակ Հակոբյան

Ազգային ժողովում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը ամփոփեց Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության տասնամյակը։ 

 Վաղարշակ Հակոբյանն ընդգծեց, որ հատկապես վերջին 5-6 տարիներին Հայաստանի Հանրապետության գործառույթները ԵԱՏՄ-ում գնահատվել են որպես արդյունավետ։ 

«Առնվազն վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ դրվագներով շատ էֆեկտիվ է գործել։ Մենք կարողացել ենք ունենալ այն տնտեսական աճը, որը նաև միջազգային մեր գործընկերների կողմից բավականին բարձր է գնահատվել՝ չնայած համաշխարհային բազմաթիվ մարտահրավերներին։ Նաև Եվրասիական տնտեսական միության անդամակցության շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է ապահովել այն ցուցանիշները, որը մենք ունենք»,- ասաց  Հակոբյանը։ 

Նա նաև նշեց, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը նպաստեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բարձր որակի ապահովմանը և միգրանտների ներհոսքին, որը թե՛ քանակապես, թե՛ որակապես նոր իրավիճակ բերեց Հայաստանի Հանրապետություն։  

Հանձնաժողովի նախագահը շեշտեց Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ-ն աշխարհին կապող կարևորագույն օղակի դերը։ Վերջին շրջանում կնքված համաձայնագրերից հատկապես կարևորվեց ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում ԵԱՏՄ ամբողջ շուկայի համար։ 

«Հայաստանի դերը կարևոր է հատկապես այն պատճառով, որ մենք ԵԱՏՄ անդամ երկրներից միակն ենք, ցամաքային սահման ունենք Իրանի հետ»,- նշեց Հակոբյանը։

 

  • Կիսվել: