կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը՝ իր և Վլադիմիր Պուտինի հարաբերությունների մասին․ Իմ ընտանիքը հավատում է Ռուսաստանին

Արմեն Սարգսյանը՝ իր և Վլադիմիր Պուտինի հարաբերությունների մասին․ Իմ ընտանիքը հավատում է Ռուսաստանին

Ինձ Ռուսաստանի հետ կապում է մեն ինչ՝ ընկերներ, անցյալ մշակույթ։ Այս մասին «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Լոգունովի եւ հետախուզության լեգենդար վետերան Վարդանյանի հետ ընկերության մասին հարցին, ինչպես նաեւ այն հարցին, թե արդյոք նրանց՝ կյանքից հեռանալուց հետո Ռուսաստանում ընկերներ մնացե՞լ են, Արմեն Սարգսյանը նկատել է․ «Ինձ համար դժվար է Անատոլի Ալեքսեեւիչ Լոգունովին ընկեր անվանելը: Նա ակադեմիկոս էր, ես՝ երիտասարդ գիտնական, որը զբաղվում էր իրեն հետաքրքրող թեմայով: Սակայն նա մշտապես մեծ ուշադրությամբ էր վերաբերվում ինձ եւ մեծ ազդեցություն է թողել իմ կյանքի վրա: Իսկ արդեն Գեւորգ Անդրեեւիչ Վարդանյանն իսկապես ընկեր էր՝ չնայած մեր տարիքային տարբերությանը:

Նրա կինն ու մայրս դեռեւս երիտասարդ տարիներին ընկերուհիներ էին Թեհրանում: Ես նրանց հետ ծանոթացա 1996 թվականին, երբ դարձա վարչապետ, քանի որ ցանկանում էի հայկական հետախուզությունն ուժեղացնել: Ո՞վ, եթե ոչ նա, կարող էր այդ հարցում դառնալ գլխավոր խորհրդատուն: Գեւորգ Անդրեեւիչն ինձ համար նույնն է, ինչ Էյնշտեյնը՝ ֆիզիկայում: Նա մեծ հետախույզ էր ու մեծ մարդ: Ընդհանրապես, ես Ռուսաստանում միշտ շատ ընկերներ եմ ունեցել: Սակայն կա ընկերություն, որի մասին չի կարելի մոռանալ՝ Վիկտոր Ստեպանովիչ Չեռնոմիրդինի հետ: Մենք ծանոթացանք 1985 թվականին եւ, ստացվեց այնպես, որ միանգամից ընկերացանք: Երբ ես դարձա վարչապետ, շատ հարցեր շատ արագ էին լուծվում: Մոսկվա կատարած իմ առաջին իսկ այցի ժամանակ մենք ստեղծեցինք «ԱրմԳազՊրոմ»-ը, որն այժմ կոչվում է «Գազպրոմ Արմենիա»: Մտածեցինք մի գիշերվա ընթացքում, իսկ հաջորդ օրը հուշագիր ստորագրեցինք:

«Չեռնոմիրդինը եւս վաղուց մահացել է, Ռուսաստանի հետ էլի ինչ-որ բան կապո՞ւմ է»,-հարց է ուղղել լրագրողը, ինչին ՀՀ նախագահը պատասխանել է․ «Ամեն բան է կապում: Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է կապում, ում հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Իհարկե, միջպետական կապերը չեն կարող կառուցվել երկրի ղեկավարների համակրանքների կամ հակակրանքների վրա: Եվ, այդուհանդերձ, անձնական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն: Ինձ Ռուսաստանի հետ կապում են գիտության, բիզնեսի իմ մեծաթիվ ընկերները: Կապում է իմ կյանքը, քանի որ ես, ամեն դեպքում, խորհրդային մարդ եմ: Մոսկվայում ինձ զգում եմ ինչպես տանը, թեպետ, օրինակ, Ալմաթիում եւս զգում եմ ինչպես տանը: Ուսանողական տարիներին եղել եմ Տաշքենդում, Սամարղանդում, Բուխարայում, եւ այդ ամենն իմ կյանքի մի մասն է: Իսկ Ռուսաստանը՝ առավել եւս: Բացի այդ, ինձ Ռուսաստանի հետ կապում է ռուսական մեծ մշակույթը՝ գրականությունը, լեզուն, արվեստը, երաժշտությունը, շատ ընկերներ ունեմ երաժիշտների, կոմպոզիտորների մեջ: Ես զարմացա, որ կարծում էիք, թե Ռուսաստանում ընդամենը երկու ընկեր ունեմ»։  

  • Կիսվել: