Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին՝ ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մեր ֆեդերացիայի ամենակարևոր առաքելությունն է համախմբվել առողջ գաղափարի շուրջ, ամուր լինել, չհանձնվել և օրինակ ծառայել մյուսներին,- ասել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահը: -Ուզում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ մեզ աջակցելու և հաշմանդամային սպորտի կողքին կանգնելու համար: Այսօր այս արդյունքներն ունենք Ձեր աջակցության շնորհիվ»:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է մարզիկներին նման արդյունքներով հայրենիք վերադառնալու համար՝ ընդգծելով, որ հաղթանակած մարզիկներն իրենց օրինակով ուղենիշ և ոգեշնչման աղբյուր են դառնում այլոց համար:
«Շնորհավորում եմ ձեր ոգու ուժի համար: Սպորտում հաղթում են մարդիկ, որոնք ուժեղ են նախ և առաջ իրենց ոգով: Վստահ եմ, որ ձեզ համար շատ կարևոր է տեխնիկական, հոգեբանական վիճակը և ոգու ամրությունը, այնպես որ ամո՛ւր եղեք,- ասել է նախագահ Սարգսյանը: -Հիացած եմ ձեր բոլորի կամքով: Երբեմն շատ հեշտ է հիասթափվել, ընկնել ծայրահեղության մեջ: Աստված ձեզնից յուրաքանչյուրին կյանք է տվել, և եթե ինչ-որ բան այնպես չէ, դա դեռ ոչինչ չի նշանակում»,-ասել է Արմեն Սարգսյանը:
Օրինակ բերելով աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ չնայած նա շարժվելու, խոսելու հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, կարողացել է ամբողջ աշխարհին զարմացնել իր կամքի ուժով և կյանքի հանդեպ ունեցած սիրով:
«Ամենակարևորը ոգու ամրությունն է: Ոչ մի հիվանդություն, ոչ մի հաշմանդամություն չի կարող ձեր կամքը կոտրել, եթե ինքներդ չկոտրվեք, և որևէ ֆիզիկական թերություն կամ հաշմանդամություն չի կարող պատճառ լինել, որ դուք ակտիվ չլինեք ձեր կյանքում»,-ասել է նախագահը՝ մարզիկներին մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ: