ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմեն Սարգսյանը հեռավար զրույցների շարք է նախաձեռնել մշակույթի գործիչների հետ

Արմեն Սարգսյանը հեռավար զրույցների շարք է նախաձեռնել մշակույթի գործիչների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք Հանրապետության մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ։ Նախագահը նպատակ ունի քաջալերել նրանց, ծանոթանալ արտակարգ դրության պայմաններում նրանց գործունեությանն ու ապագա ծրագրերին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

 

Այդ համատեքստում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ:

 

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է թանգարանի վիճակով, ընթացիկ և ապագային միտված ծրագրերով: Ընդգծելով հայ ճարտարապետության յուրահատուկ տեղը համաշխարհային ճարտարապետական արվեստի մեջ՝ նախագահ Սարգսյանը կարևորել է թանգարանի դերը նրա լավագույն ավանդույթները ներկայացնելու գործում: Նա խոստացել է նոր կորոնավիրուսի տարածմամբ և արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակի կարգավորումից հետո այցելել թանգարան:

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը յուրահատուկ մշակութային ու գիտահետազոտական հաստատություն է, որտեղ պահպանվում են լավագույն ճարտարապետների արխիվային նյութերն, անցկացվում են գիտաժողովներ, մասնագիտական քննարկումներ, մրցույթներ, ցուցահանդեսներ, հրատարակվում են գիտական ժողովածուներ։

 

***

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ։

Նախագահը հետաքրքրվել է արտակարգ դրության պայմաններում նվագախմբի գործունեությամբ և մինչ այդ նախատեսված ծրագրերի ճակատագրով։

Թոփչյանը տեղեկացրել է, որ նվագախմբի բոլոր ծրագրերն, ինչպես ամբողջ աշխարհում, հետաձգված են, և առայժմ երաժշտասեր հասարակության հետ շփումը իրականացվում է առցանց եղանակով։

 

Կարևորելով կապի պահպանումն ունկնդրի հետ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախատեսված ծրագրերն իրավիճակի կարգավորումից հետո անպայման կյանքի կկոչվեն, նշելով, որ հնարավոր է նաև համատեղ ծրագրեր իրականացվեն նախագահի աշխատակազմի հետ։

  • Կիսվել: