շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արմեն Սարգսյանն ընդունել է դեսպան Ժոնաթան Լաքոտին

Արմեն Սարգսյանն ընդունել է դեսպան Ժոնաթան Լաքոտին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դեսպան Լաքոտը ներկայացրել է իրավիճակը Ֆրանսիայում և ձեռնարկվող քայլերը: Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ հնարավոր համագործակցությանը:

Խոսելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ծրագրերի մասին՝ Հանրապետության նախագահը և դեսպանը մասնավորապես հեռանկարային են դիտարկել գործընկերությունը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը, որն ուղղած է Հայաստանում տեխնոլոգիաների, կրթության և գիտության զարգացմանը և նպատակ ունի Հայաստան բերել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերություններ՝ զբաղվելու արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական ուսուցման ոլորտների զարգացմամբ և կրթական ծրագրերի իրականացմամբ։ Նշվել է, որ ֆրանսիական մի քանի հանրահայտ ընկերությունների հետ առաջիկայում կստորագրվեն փոխըմբռնման հուշագրեր, իսկ որոշների հետ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ:

Զրուցակիցները խոսել են նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիայի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունների մասին:

  • Կիսվել: